ՀԱՐՑ. Ես ամուսնացած եմ եւ ունեմ երկու տարեկան որդի։ Հաջորդ տարի պետք է մեկնեմ պարտադիր զինվորական ծառայության: Խնդրում եմ ասեք, ես կարո՞ղ եմ օգտվել բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:
Արտակ Ռոստոմյան (25 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաեւ այդ ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվելու հիմքերը, ըստ որի՝ նման իրավունք ունեն`
ա) միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.
բ) ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.
գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները.
դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, ովքեր չունեն չափահաս քույր կամ եղբայր.
ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:
Այսպիսով, Դուք օգտվում եք բնակության վայրին մոտ, այն է` Ձեր հաշվառման (հաշվառում չունենալու դեպքում` փաստացի բնակության) վայրից մինչեւ 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:
Իրավունքի իրազեկում ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ գործում են նման բացառություններ, բայց հարկ է նկատել, որ անգամ այս դեպքերում, երբ օրենքը թույլ է տալիս օգտվել նման հնարավորություններից, հաճախ առաջանում են տարատեսակ քաշքշուկներ եւ ձգձգումներ։
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր երեխաների խնամքն ու դաստիարակությունն է իրականացնում խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը։
Լիա Բալասանյան (42 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի՝ 6-18 տարեկան երեխաների խնամքը եւ դաստիարակությունը։
Ի դեպ, գիշերօթիկ հաստատությունը կազմակերպում է երեխայի կրթությունը մոտակա հանրակրթական դպրոցում։
Երեւանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ներկայում Երեւանում գործում է երեխաների շուրջօրյա խնամքի՝ թվով վեց հաստատություն։ Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվում է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 750 երեխա: