Տարոն Մարգարյանի տեղակալներն իրենց ունեցվածքով ոչ մեկին չեն զիջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալներն իրենց կարողությամբ կարող են համեմատվել շատ պատգամավորների կամ նույնիսկ նախարարների հետ: Երևանի քաղաքապետն ունի չորս տեղակալ և նրանցից ամենահամեստ տվյալներ ունեցողն առաջին տեղակալ Կամո Արեյանն է:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի` նա ունի 400 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում միայն աշխատավարձն է եղել նրա եկամուտը, որն էլ կազմել է 6 մլն դրամ:

Մյուս տեղակալները համեմատաբար շատ դրամական միջոցներ ունեն: Օրինակ, Վահե Նիկոյանն ունի 8 մլն 500 հազար դրամ: Որպես համեմատություն նշենք, որ 2013թ. նա ունեցել է 7 մլն 700 հազար դրամ, որն էլ աճելով տարեվերջին դարձել է 8,5 մլն: Ավելացել են նաև նրա դոլարով միջոցները` 9000-ից դառնալով 10 հազար դոլար: Կրկին նրա եկամուտը եղել է միայն աշխատանքի վարձատրությունը` 4 մլն 330 հազար դրամ:

Ավելացել են նաև Արամ Սուքիասյանի դրամական միջոցները: Այսպես, դեռևս 2013թ.-ի սկզբին նա ունեցել է 11 մլն դրամ, իսկ արդեն հաշվետու տարվա վերջում աճել է` դառնալով 12 մլն 500 հազար դրամ: Բացի այս, նա ունի նաև 8 000 դոլար: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 9 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի  և հեղինակային վարձատրություններից:

Ամենաշատ դրամական միջոցներն ունի Դավիթ Օհանյանը: Հայտարարագրում նշված է, որ նա ունի 30 մլն 250 հազար դրամ, 23 500 դոլար և 15 հազար եվրո: 2013թ.-ի ընթացքում նրա 3 մլն դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից:




Լրահոս