
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում է գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի, դիտարկման, կրակի վարման և ազդանշանային համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքներին:
Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարները անձնակազմին տվել են մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ:
Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները մասնակցել են նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվելիք զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը: