Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի մի շարք բնակիչներ օրեր առաջ դիմել էին Armlur.am-ի խմբագրություն: Նրանք բարձրաձայնում էին այն մասին, որ Երևան-Ճամբարակ և Ճամբարակ-Երևան ուղևորափոխադրող երթուղին բարեխիղճ չի աշխատում:
Բնակիչներն իրենց մտահագությունն էին հայտնում, թե երթուղու ժամերը սխալ են բաշխված` առավոտյան 9:30, 11:00 , 14:00 և 16:00: Բացի այդ` ժամը 16:00-ին գնալու համար ժամը 11:00-ից քաղաքացիները լինում են ավտոկայարանում, որպեսզի կարողանան հարմար տեղավորվել, սակայն շատ հաճախ դա էլ չի օգնում:
Նրանք բողոքում էին նաև, թե տվյալ ժամից ուշացած անձանց համար միկրոավտոբուսի ուղեվարձն ավելի է թանկանում: Armlur.am-ն այս խնդրով գրավոր դիմեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը, ով էլ վերահսկում է միջքաղաքային երթուղիները:
– Խնդրում ենք ասել, թե ձեր հսկողության տակ գտնվող երթուղին ինչո՞ւ է նման գրաֆիկով աշխատում:
– Երևան-Ճամբարակ, Ճամբարակ-Երևան թիվ 327 միկրոավտոբուսային երթուղու չվացուցակը կազմվել և հաստատվել է փաստացի ուղևորահոսքի ուսումնասիրության արդյունքում:
– Կան արդյո՞ք ինչ-որ ծրագրեր, որ փոխվի ձևաչափը:
– Երթուղու ուղևորահոսքը կրկին կուսումնասիրվի և անհրաժեշտության դեպքում չվացուցակում կիրականացվի համապատասխան փոփոխություն:
– Ինչո՞ւ է ուշացած մարդկանց համար ավել տրամադրվող միկրոավտոբուսի ուղևորավարձը թանկանում:
– Երթուղու փոխադրավարձը 1200 դրամ է: ՀՀ տրանսպորտային տեսչությունը երթուղում կիրականացնի ուսումնասիրություն: Խախտում հայտնաբերելու դեպքում սպասարկող կազմակերպությունը կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:
– Արդյո՞ք երթուղու նման ժամերը հաստատված են ձեր կողմից:
– Երթուղու չվացուցակը սահմանված կարգով հաստատված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից:
– Կարո՞ղ եք ասել, թե ով է երթուղու սեփականատերը և որքան ժամանակ է, ինչ շահագործում է այս երթուղին:
– Երթուղու 2014թ. հունվարի 22-ին անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել «Սիվատրանս» ՍՊԸ-ն: Երթուղին նախկինում նույնպես սպասարկվել է նույն կազմակերպության կողմից:
Այս ՍՊԸ-ի մասին հաջողվեց իմանալ միայն, որ տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար տվյալ կազմակերպությանը լիցենզիա տրվել է 10.10.2007 թ.-ին: Նշենք, որ իրավաբանական անձի գտնվելու հասցեն է Կոտայքի մարզ, գյուղ Վերին Պտղնի: