Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելը կարող է անհրաժեշտություն լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը երեկվա նիստում առաջարկել է սահմանամերձ գյուղերում զինել բնակիչներին, ինչին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեմ էր արտահայտվել:

Armlur.am-ի հետ զրույցում գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, անդրադառնալով վերոնշյալ առաջարկին, նշեց, որ այն կարող է ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր:

Կոմանդոսը վստահ է, որ եթե Պաշտպանության նախարարությունում վերջնական քննարկումների արդյունքները ցույց տան, որ կա սահմանամերձ տարածքների բնակչությանը զինելու անհրաժեշտություն, ապա դա պետք է արվի արագացված կարգով:

«Պետք է որ զինելը լավ կողմեր ավելի շատ ունենա, քան` վատը: Մինչև վերջ դեռ չի որոշվել: Եվ բնակչությանը ոչ միայն պետք է զինեն, այլև տարբեր սարքավորումներ պետք է դրվեն: Ահագին գործեր պետք է արվեն, ինչի վրա Պաշտպանության նախարարությունն աշխատում է»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը` հավելելով, որ ինքը ևս կլինի այնտեղ և վերջնական գնահատական կարող է տալ միայն այն դեպքում, երբ անձամբ տեսնի` ինչ է կատարվում սահմանին:

Նույն կարծիքին է նաև Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ աշխարհում շատ են այնպիսի երկրները, որոնց բնակիչներին անվտանգությունից ելնելով զինում են:

«Տեսնենք` ինչ կորոշի երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Եթե ինքը համարի, որ դրա կարիքը կա, ուրեմն կզինեն: Երբ վերջնականապես պարզ դառնա` ինչպիսին է վիճակը, ներում են արդյոք հնարավորությունները, ես իմ վերջնական դիրքորոշումը կհայտնեմ: Դա էմոցիոնալ բան չէ, որ ասենք` եթե լիներ, լավ կլիներ կամ վատ կլիներ»,- իր դիրքորոշումը հայտնեց Վահան Շիրխանյանը:

Վերջինս հավելեց, որ եթե հաշվարկները ցույց տան, որ անվտանգության ապահովման համար ուժերը բավարար չեն, որոշումը կընդունվի, հակառակ դեպքում` նման որոշում կայացնելն ավելորդ քայլ կլինի: Վ. Շիրխանյանի դիտարկմամբ` մարդկանց` իրար վրա կրակելու վտանգ չի կարող լինել:

Ի դեպ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ համացանցի իր էջում կարծիք է հայտնել, թե սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինել-չզինելու հարցը խնդրահարույց է դարձել: 

«Ընդ որում ՀՀ իշխանությունները, ըստ մամուլի հաղորդագրության, դրան դեմ են։ Այս կապակցությամբ հիշատակում եմ 2013-ի նախագահական ընտրություններին իբրև թեկնածու իմ բանակային ծրագրից (ի դեպ, միակն եմ եղել, որ բանակային ծրագիր է ներկայացրել) հետևյալ միտքը. սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել և ամրագրել որոշակի զինական պարտականություններ։ Մշտապես։ Դրա համար նրանց պետք է ամսական փոքրիկ վարձատրություն նախատեսել։ Վարձատրության չափերը պետք է բազմապատկել պատերազմական գործողությունների ժամանակ»,- նշել է Հրանտ Բագրատյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս