Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 8-րդ շենքի 17 բնակարանի սեփականատեր Սեդա Խուրշուդյանը վաշխառուների հերթական զոհն է դարձել: Խուրշուդյանը, ով առաջին կարգի հաշմանդամ է, ինքնասպանության փորձ է արել` ժավելի սպիրտ խմելով, իսկ այս պահին հացադուլի մեջ է:
Ինչպես Սեդա Խուրշուդյանը պատմեց armlur.am-ին, ինքը մոտավորապես 1 տարի առաջ դիմել է «Հայրենիք» հանրախանութի մոտակայքում գտնվող «Շեռլի Ռութ» կոչվող փաստաբանական գրասենյակ, որտեղ՝ որպես միջնորդ ոմն Արմեն Կուրղինյանի և իր միջև, տոկոսով 11 հազար ԱՄՆ դոլար պետք է տային Խուրշուդյանին, սակայն, ինչ-որ անհասկանալի ծախսերի հետևանքով տրամադրում են միայն 9o50 դոլար:
Գումարի դիմաց Խուրշուդյանը գրավադրել էր իր մեկսենյականոց, ոչ բարվոք վիճակում գտնվող 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը: Այստեղ նա բնակվում է դստեր և երկու անչափահաս թոռների հետ, ովքեր նույնպես առողջական խնդիրներ ունեն:
Այժմ հուսահատ քաղաքացին ոչ մի ելք չի տեսնում` ինքնասպանությունից բացի: Սպառնում է, անգամ, տունը հրկիզել, միայն թե այն անարդար վաշխառուներին բաժին չընկնի:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան