ՄԱՐԴ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ Հանրապետական կուսակցությունը հայտարարի, թե կուսակցությունը միատարր է, այնտեղ չկան թեւեր եւ ոտքեր, միեւնույն է, իրականությունը դրանից ամենեւին էլ չի փոխվում: Պարզապես հերթական անգամ նման միտք արտահայտող ՀՀԿ-ականը համեմատվում է հայտնի կենդանու հետ, քանի որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՀՀԿ-ում այսօր լուրջ խնդիրներ կան առնվազն Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի միջեւ: Նրանք անհամատեղելի են իրենց տեսակով, աշխարհայացքով, գործունեության որակով ու նպատակին հասնելու մեթոդների ընտրության մասին պատկերացումներով:
Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ են նրանք անում Հանրապետական կուսակցության ներսում: Փորձենք հասկանալ այդ երկու տարբեր մտածողություն ունեցող գործիչների գործառույթները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նստում է ավտոբուսն ու իր մի քանի սիրելի նախարարներով մեկնում շրջաններ, ժպտում, իրականությունից կտրված հայտարարություններ անում, շռայլ խոստումներ տալիս ու շատ դեպքերում վիրավորելով ՀՀ քաղաքացիներին` երջանիկ վերադառնում է մայրաքաղաք: Հիշեցնենք, որ, օրինակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում Տիգրան Սարգսյանը բնակիչներին ասել էր, թե «մատերիալ գրողներ եք», «լավ եք գրում»: Պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչպես պետք է մարդիկ ձայն տան ՀՀԿ-ին: Ու ամենեւին էլ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Տիգրան Սարգսյանն իր գործունեությամբ փչացնում է ՀՀԿ-ի նախընտրական քարոզչական աշխատանքները: Հանրապետական կուսակցության տեղական կառույցները վարչապետի հետ հանդիպման եկած բնակիչներին ամեն հանդիպումից հետո երկար ժամանակ բացատրում են, որ Տիգրան Սարգսյանի արտահայտած այս կամ այն միտքը կատակ էր, կամ վարչապետն այդ մտքով չէր ասել եւ այլն: Ու սա է պատճառը, որ բոլոր այն մարզերում, որտեղ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելում է, մի քանի օր անց զգում են շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի կարիքը: Վերջինս գնում է, հանդիպում ՀՀԿ տեղի կառույցների հետ, կոնկրետ հանձնարարականներ տալիս, շտկում անհարթություններն ու վերադառնում:
Այսինքն` ՀՀԿ-ում խոսողը Տիգրան Սարգսյանն է, իսկ գործ անողը` Հովիկ Աբրահամյանը: Ողջ կուսակցությունը հասկանում է, որ չնայած Հովիկ Աբրահամյանի դավաճանական մղումներին, խնամիական վտանգավոր կապերին ու քրեական անցյալին, իրենք այլընտրանք չունեն: Հովիկ Արգամիչը պետք է ձայներ ապահովի կուսակցության համար, քանի որ այնտեղ իրենից լավ ոչ ոք չի տիրապետում ընտրական գաղտնիքներին, ընտրախախտումների մեքենան աշխատեցնելու նորանոր հնարքներին: Ու երբ այսքանից հետո ՀՀԿ-ն հայտարարում է փոխվելու կամ որեւէ բան փոխելու պատրաստակամության մասին, պարզապես քրքիջ է առաջացնում: Չէ՞ որ բոլոր բռնապետական երկրներում մշտապես առկա է եղել կադրերի խնդիր: Ուստի ՀՀԿ-ն որքան էլ ձգտի, չի կարող փոխվել. ումո՞վ պիտի փոխարինի ու հետեւաբար, ինչպե՞ս փոխի իրավիճակը:




Լրահոս