Վարչապետն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի եւ սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ եւ´ քաղաքական, եւ´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում հիմնել իր դեսպանությունը՝ կարեւորելով երկկողմ կապերի զարգացումը», – ողջունելով հյուրերին ընդգծել է երկրի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ջեյսոն Քեննիին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած անձնական մեծ ներդրման համար եւ հրավիրել հաջորդ տարի մասնակցելու այդ առիթով Երեւանում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին:

Պարոն Քեննին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր գնահատել Կանադայի հայ համայնքի դերը երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:

Զրուցակիցները կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման եւ ապրանքաշրջանառության ծավալի աճի ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության կարեւորագույն առաջնահերթությունը տնտեսության զարգացումն է, եւ գործադիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության հեռանկարների, տարածաշրջանում ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ միջազգային զարգացումների վերաբերյալ:




Լրահոս