Մադրիդյան սկզբունքները հակասության մեջ են ներկա քաղաքականության հետ. Բ. Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: 

Մինչդեռ անցած շաբաթվա վերջին՝ սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ հայտարարեց, որ եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա:

Վարչապետի այս հայտարարության առնչությամբ armlur.am-ը զրուցեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ:

– Պարո՛ն Նավասարդյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԼՂՀ վարչապետի հայտարարությանը:

– Ես կդիտարկեի այդ հայտարարությունն ընթացիկ իրավիճակի հետ կապված, քանի որ ինչպես նշեց վարչապետը, իրականացվում են կոնկրետ ծրագրեր այն տարածքներում, որոնք պաշտոնապես համարվում են ԼՂՀ տարածքներ: Համապատասխանաբար՝ այդ համատեքստում Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են այդ տարածքների վերադարձ Ադրբեջանին, հակասության մեջ են մտնում ներկա քաղաքականությանը: Եթե որոշակի հեռանկարներ բացվեն Մադրիդյան սկզբունքների իրականացման կամ նրանց որոշ կոմպոնետների իրականացման համար, և այդ գործընթացում մասնակից դառնա որպես իր տեսակետները, իր մոտեցումներն ու շահերը ներկայացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ես չեմ բացառում, որ այդ դիրքորոշումը կարող է և որոշակի փոփոխություն կրել:

– Բայց ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ այդ մասին բարձրաձայնվում է հենց հիմա՝ այսքան տարի հետո միայն:

– Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Մինսկի խմբի ամբողջ գործընթացն այսօր, կարելի է ասել, սառեցման փուլում է գտնվում, այսինքն՝ տեղի չեն ունենում արդյունավետ բանակցություններ: Նույնիսկ այն երկկողմանի պաշտոնական հանդիպումները, որոնք միջնորդների կողմից ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են, նույնպես նվիրված չեն կոնֆլիկտի հաղթահարման մոդելներին: Նրանք ավելի շատ ուղղված են երկխոսությունը շատ ավելի ցածր մակարդակի վրա պահպանելուն: Այս իրավիճակում, երբ հեռանկարները՝ կապված այն մոդելների հետ, որոնք մշակված և ներկայացված են Մինսկի խմբի կողմից, արդիական քննարկման փուլում չեն գտնվում: Կարող են լինել նաև հայտարարություններ, տեսակետներ, որոնք ուղղակի արձանագրում են եղած վիճակը: Եվ հենց այդ համատեքստում ես կդիտարկեի հնչած հայտարարությունը:

– Բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  ասում էր, որ բանակցում են հենց այդ սկզբունքների շուրջ: Այժմ ստացվում է, որ Արցախը համաձայն չէ:

– Քանի որ բանակցությունները հիմա տեղի չեն ունենում, այստեղ որևէ առաջընթաց չկա, չի կարելի անընդհատ ապրել՝ սպասելով, որ այդ սկզբունքները գործնական քննարկումների և գործնական լուծումների համար առարկա կդառնան: Կյանքն ընթանում է, և այն ենթադրում է որոշակի գործողություններ, որոշակի ծրագրերի իրականացում, և այդ իրականության ներքո պետք է դիտարկենք նաև և՛ քայլերը, և՛ հայտարարությունները:




Լրահոս