Ինչպես հայտնի է, Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը: Նա ներկայացնում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարցեր ուղղել Մանուկ Վարդանյանին` պարզելու, թե ինչու նա հանկարծ որոշեց իր թեկնածությունն առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ հիմնական մրցակցությունը գնալու է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Քոչարյանի միջեւ:
-Պարո՛ն Վարդանյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Դուք ՕԵԿ ընտրացուցակում բավականին հաջողակ տեղ եք զբաղեցրել. 7-րդն եք:
-Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը:
-Դուք ապագայում Ձեզ տեսնո՞ւմ եք որպես պատգամավոր: Ո՞րն էր Ձեր առաջադրման նպատակը:
-Եթե պատգամավոր չտեսնեի, առաջադրման նպատակը ո՞րն էր:
-Բայց իշխող կոալիցիայի ներսում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` այդ ընտրատարածքը «տրվել է» ԲՀԿ-ին: Ինչո՞ւ եք խախտել:
-Ի՞նչ է նշանակում տրված: Ինչքան գիտեմ, ժողովուրդն է ընտրելու:
-Ուզում եք ասել` տեղյակ չէի՞ք, որ մեծամասնական ընտրակարգով բաշխումներ են եղել, եւ Կոտայքի մարզն ամբողջությամբ կոալիցիան պետք է զիջեր ԲՀԿ-ին:
-Ես տեղյակ չեմ այդպիսի բաշխումներից: Հետո կխոսենք, հա՞:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել` խոստանալով դա անել ուրիշ անգամ:
«Ժողովուրդ»-ը բլից զրույց ունեցավ նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Հետաքրքիր էր իմանալ` այս նախարարին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջանին բնորոշ հանձնարարականներ տալի՞ս են: Կամ ընդհանրապես, այս շրջանում ի՞նչն է հետաքրքրում երկրի բարձրագույն ղեկավարությանը` նախարարների գործունեության մեջ:
-Պարո՛ն Երիցյան, առավոտյան քանիսի՞ն եք աշխատանքի գալիս:
-8:20:
-9-ից մինչեւ 9:30 ընկած ժամանակահատվածում ո՞վ է Ձեզ զանգահարում, ո՞ւմ եք ինչ զեկուցում:
-Ընդհանուր առմամբ, 9-9:30 ես իմ աշխատակիցներին եմ ընդունում: Եթե կա անհրաժեշտություն ինչ-որ բան ՀՀ նախագահին զեկուցելու, ես մինչեւ 10-ը զանգում եւ զեկուցում եմ: Նույնը վարչապետին, եթե դրա կարիքը կա: Եթե չկա, ուրեմն չեմ զանգում:
-Պաշտոնական ընթացակարգ չկա՞, որ ամեն առավոտ գնաք աշխատանքի եւ կոնկրետ ինչ-որ ժամի օրվա անելիքներն ու անցած օրվա քրոնիկան զեկուցեք նախագահին կամ վարչապետին:
-Ո՛չ, չկա նման ընթացակարգ:
-Նրա՞նք էլ չեն պահանջում:
-Ո՛չ, ամփոփագրերն ուղարկում ենք ամեն օր: Եւ եթե նախագահին կամ վարչապետին որեւէ բան հետաքրքրում է, իրենք կապվում են ինձ հետ: Եթե ես եմ գտնում նպատակահարմար, որ նախագահին կամ վարչապետին զեկուցեմ որեւէ խնդիր, ես եմ զանգահարում:
-Մեր երկրի ղեկավարներին հիմնականում ի՞նչ հարցեր են հետաքրքրում:
-Ընդհանուր առմամբ, նախագահին հետաքրքրում է երկրաշարժերի քանակը կամ հաճախականությունը, եթե այլ երկրներում մեծ երկրաշարժեր են լինում: Կամ եթե որեւէ դեպք է լինում մեր երկրում, եւ երկուսից ավելի զոհեր են լինում, ես անպայման զեկուցում եմ նախագահին: Հաճախ զեկուցում էի ձնաբքի տակ մնացած մարդկանց մասին, որոնց մենք հանում էինք, զեկուցում էի, թե քանի մեքենա է թաղվել, ինչ վիճակում են ճանապարհները: Մի խոսքով:
-Պարո՛ն Երիցյան, նախընտրական շրջանին բնորոշ հանձնարարականներ չե՞ք ստանում երկրի նախագահից կամ վարչապետից, որ, օրինակ, այս տեղում իշխանությունը թույլ է, պետք է աշխատել:
-Չէ՛, ոչ մի տեսակի հանձնարարական չի եղել: Կարծում եմ, որ նախարարներն առավոտյան 9-ից մինչեւ 6-ը պետք է իրենց նախարարական պարտականությունները կատարեն: 6-ից հետո նոր կարող են իրենց կուսակցության հարցերով զբաղվել: Ես այդպես եմ աշխատում ամեն օր:
Հիշեցնենք, որ երբ նույն հարցը «Ժողովուրդ»-ը տվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, վերջինս պատասխանեց, որ հաճախ լինում են դեպքեր, երբ ինքը կառավարական հեռախոսով կուսակցական հանձնարարություններ է ստանում:
ՕԵԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ