Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը հակասահմանադրական որակեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն վերջին քառօրյայի ժամանակ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց այս նախագիծը (59 հոգով 67-ի փոխարեն կոճակ սեղմելով). ընդ որում, խորհրդարանական ընդդիմությունը եւս մեծ դիմադրություն ցուցաբերեց այս օրինագծի նկատմամբ՝ անխնա քննադատելով: Բանն այն է, որ արտակարգ դրության ժամանակ եւս թույլատրվում է օգտագործել ՀՀ ԶՈՒ-ն, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության՝ բանակը քաղաքականացնելն արգելող դրույթին:
Պարոն Ջհանգիրյանը երեկ վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածն ու «Պաշտպանության նախարարության մասին» օրենքը, որոնք, իր խոսքերով, միանգամայն սպառիչ են հիմնավորելու համար՝ ԶՈՒ-ն արտակարգ դրության ժամանակ օգտագործելը հակասահմանադրական է: Ջհանգիրյանը նշեց, որ զինված ուժերը նախագահի հրամանով կարող են կիրառվել միայն հանրապետության վրա ռազմական հարձակման, դրա սպառնալիքի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում։
Ջհանգիրյանը պատահական չի համարում, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքն ընդունում են հիմա: «Ուզում են ասել՝ հիմա օրենք ունենք, ձեզ զո՛ւսպ պահեք, չափավո՛ր պահեք»,-ասաց նա ու հավելեց, որ եթե օրենքը մտնի իրավական ուժի մեջ, պետք է անել հնարավորը՝ դրա հակասահմանադրականությունն ի ցույց դնելու համար: Անդրադառնալով իշխանությունների արդարացումներին, թե ինչ պետք է անել, եթե ներքին զորքերը չեն բավարարում կարգ ու կանոն հաստատելու համար, Ջհանգիրյանը նկատեց. «Ներքին զորքերը լիովին բավարար են: Քաղաքական խնդիրը քաղաքական մեթոդներով պետք է լուծել, ոչ թե ռազմական»:
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին` Ջհանգիրյանը չցանկացավ գնահատականներ տալ: Նա ընդամենն ասաց, որ եթե Հայաստանում մայիսի 6-ին եւ դրան նախորդող ժամանակաշրջանում ընտրական գործընթացները զարգանան ՀՀ ընտրական օրենսգրքի տառին ու բովանդակությանը համապատասխան, Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը չառաջադրելուն, ըստ Ջհանգիրյանի՝ ինքը երբեք էլ նման խոստում չէր տվել: «Ես ասել եմ, որ եթե այդպիսի որոշում լինի, անպայման կտեղեկացնեմ: Ես չեմ առաջադրվել, բայց առաջադրվել է եղբայրս, ի՞նչ է եղել»,-ասաց նա:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ