ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴ, ՀԱՎԱՏԱ՛ ԾԱՐԱՎԻԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հավատում եմ, որովհետեւ անհեթեթ է». ժամանակին այսպես է ասել վաղ քրիստոնեական աստվածաբան Տերտուլիանոսը: Մարդու տեսածն ու զգացածը հավատ չի պահանջում. այն կա, գոյություն ունի: Իսկ հավատում են նրան, ինչը չեն տեսնում, չեն զգում, չեն շոշափում: Կոալիցիայի մաս կազմող երեք քաղաքական ուժերն էլ իրենց նախընտրական կարգախոսների հիմքում դրել են հավատի գործոնը: ՀՀԿ-ն որպես կարգախոս է ընտրել «Հավատանք, որ փոխենք», ԲՀԿ-ն՝ «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր», իսկ ՕԵԿ-ը՝ «Հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր»:
Քաղաքակիրթ երկրներում կուսակցությունների նախընտրական ծրագրերն ու լոզունգները մեծ նշանակություն ունեն: Մինդեռ Հայաստանում ամեն ինչ այլ է. նախընտրական լոզունգները գրեթե դեր չեն կատարում. քաղաքացին իր քվեարկությունը կատարում է` այլ հանգամանքներից ելնելով: Բայց իշխող կոալիցիայի մաս կազմող երեք կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի կարգախոսներում հավատի գաղափարի ընդգծումն ամենեւին էլ պատահական չէ. նրանք այսպես բացահայտում են իրենց իրական հոգեվիճակը. չունենալով հասարակությանը ներկայացնելու՝ նախորդ տարիներին կատարված որեւէ դրական երեւույթ, որեւէ առաջընթաց` հիմա նրանք հասարակությունից խնդրում են ընդամենը հավատալ: Այլապես իրենց արած-չարածների մասին խոսելիս կոալիցիայի երեք կուսակցություններն էլ պետք է մեկնաբանեին՝ ինչպես է ստացվել, որ երկրում առնվազն 30 տոկոս աղքատություն է, աննախադեպ գնաճ ու օր օրի ահագնացող արտագաղթ: Ուստի իշխանական երեք ուժերն էլ քաղաքացուն խնդրում են հավատալ: Ու ոչինչ, որ այս կոչից հետո նույն ուժերը խախտում են նախկինում իրենց տված խոստումները: Եւ օրինակ` նույն ՀՀԿ-ն գործարարներին իր ընտրացուցակ չընդգրկելու մասին մի քանի ամիս հայտարարելուց հետո հանկարծ հայտնի օլիգարխներին, անգամ անկուսակցականներին մտցնում է իր համամասնական ցուցակի մեջ: Իսկ հետո դեմքի նույն անմեղ արտահայտությամբ էլ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ վերնախավը խոստանում են անցկացնել ամենաարդար ընտրությունները:
Ինչեւէ, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը պատահական չի համարում իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի լոզունգներում հավատի գործոնն առաջին պլան մղելը: «Որովհետեւ նրանք որեւէ բան չեն կարող ցույց տալ, ուստի խնդրում են իրենց հավատալ: Օրինակ` ՀՀԿ-ն չի կարող որեւէ բան ցույց տալ, որովհետեւ ոչինչ չի արել: Նույնը նաեւ ՕԵԿ-ը, ուստի նրանք նախապես շրջանառության մեջ են դնում հավատը: Ավանսով ձայն են խնդրում: ԲՀԿ-ի դեպքում մի փոքր այլ է: ԲՀԿ-ն համեմատաբար նոր ուժ է, բայց քանի որ քաղաքական ներկա կոնֆիգուրացիայի դեպքում ինքը նոր է, ուստի խնդրում է իրեն հավատալ: Այլ հարց, թե կհավատա արդյոք հասարակությունը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պարոն Բադալյանը: Թե արդյոք հասարակությունը կհավատա այս քաղաքական ուժերին, պարոն Բադալյանը մեկնաբանեց այսպես. «Հասարակությունը բազմաշերտ է: Հասարակության միայն մի մասն է գնում ընտրություններին: Իսկ հասարակության այն հատվածը, որը չի հավատում որեւէ մեկին, չի էլ գնալու ընտրություններին: Հասարակության մի հատվածն էլ ուշադրություն չի դարձնում լոզունգներին, ոչ էլ ծրագրերին, կարեւորը՝ իրենց փողը տաս, վերցնեն, գնան, ընտրեն: Հասարակության՝ քաղաքականապես ակտիվ մասը կողմնորոշված է ու գնալու է իր կուսակցությանն ընտրելու՝ բնականաբար, առանց նայելու լոզունգներին: Իսկ թե քաղաքականապես ակտիվ, չկողմնորոշված հատվածի վրա որքան ազդեցություն կթողնի լոզունգը, ցույց կտա նախընտրական քարոզարշավի ընթացքը»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանությունները մսխել են հասարակության հավատը: «Կոալիցիայի երեք ուժերի մոտ հավատալ բառն է կարգախոսներում: Մի հանրապետական պատգամավոր` իմ լավ ընկերը, ասել է, որ հավատալը քաղաքականացնելու եւ քաղաքականություն բերելու համար պետք է իրավունք ունենալ: Այդ իրավունքը մեր իշխանությունները մսխել են: Իշխանությունը հասկացել է, որ ուրիշ ոչ մի փաստարկ չունի ժողովրդին ներկայանալու: Ինչի՞ն հավատամ: Մենք հավատում ենք, որ իշխանության մեջ կան բարի, հայրենասեր մարդիկ, բայց մենք չենք հավատում, որ նրանք կփոխեն: Հանրապետականը 1995-ից եղել է իշխանության մեջ, 1999-ից իշխանություն է, հավատ չեն ներշնչում: Նայում ես մեծամասնականը, տեսնում ես, որ իրենց սայլը լծված է այնպիսի մարդկանցով, որ հավատալը չի գալիս»,-ընդգծեց պարոն Հովհաննիսյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս