ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐ
Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում առաջադրվել են Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը եւ նրա մորաքրոջ աղջիկը` Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը: Երկուսն էլ ՀՀԿ անդամ են, սակայն կուսակցությունը սատարում է Կարինե Պողոսյանին, իսկ Հենրիկ Աբրահամյանն ինքնաառաջադրվել է:

ԽՈՇՈՐ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը հայտնել է, որ ամերիկահայ հանցավոր խմբավորման 4 անդամներ մեղադրվում են բանկային մեքենայությունների եւ անձնական տվյալների գողության մեջ: Ըստ Associated Press-ի` սա Կալիֆորնիայի պատմության մեջ նմանատիպ ամենախոշոր հանցագործություններից մեկն է: Հանցավոր խումբը 6 տարվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դոլար է հափշտակել: Խմբի պարագլուխը 33-ամյա Արման Շարոպետրոսյանն է: Հիմնական անդամներից բացի, այս բազմաճյուղ գործում ընդհանուր առմամբ 20 մեղադրյալ է ներգրավված: Պարզվում է, որ բանտում նստած Շարոպետրոսյանը` իր հանցակից Անգուս Բրովնի հետ, անօրինական ձեւով մեկուսարան բերված բջջային հեռախոսի միջոցով համակարգել է խմբի աշխատանքների սխեմաները, գողանալու համար տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգության համարներն ու անձնական այլ տվյալներ, որոնց միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից: Շարոպետրոսյանը, հնարավոր է, դատապարտվի 164 տարվա ազատազրկման, մյուսներին եւս մի քանի տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում:

ԳՑՎԱԾ ՉԷ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, անդրադառնալով Արարատ Զուրաբյանի` համամասնական ցուցակում չընդգրկվելուն, ասել է. «Արարատ Զուրաբյանը մեր կուսակցության ամենամոտ ընկերն է, նա մեծ լումա ունի այս համագործակցության մեջ, բայց ինչ վերաբերում է ցուցակում նրա չլինելուն, ասեմ, որ Արարատ Զուրաբյանին առաջարկվել էր ղեկավարել մեր ցուցակը` Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն, բայց նա գտավ, որ կուսակցության ցուցակը պետք է ղեկավարի կուսակցության նախագահը եւ ոչ թե ինքը»:

ԿՏԵՍՆԵՆ
«Ի՞նչ է ուզում ասած լինի Նիկոլ Փաշինյանն իր կեսգիշերային հայտարարությամբ: Դժգոհում է, թե ինքը Րաֆֆու առաջադրման մասին ԿԸՀ ամփոփագրի՞ց է իմացել: Բայց ո՞վ է պարտավորություն ստանձնել, որ իր համար հատուկ հաղորդագրություն է տարածելու: Կամ ի՞նչ ասել է «խորհրդարանական խմբակցության լիդեր»: Պատահակա՞ն է իր տեքստից բաց թողնում այնպիսի բաներ, ինչպիսիք են ընդդիմադիր ու կուսակցություն բառերը: Էս խունջիկ-մունջիկնե՞րը որս է: Մելանյա Բարսեղյանը լավ էր գրել` մի քիչ էլ տղա՛ եղեք…»,-ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը նման կերպ է արձագանքել Ստյոպա Սաֆարյանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ կապակցությամբ ասել է. «Եթե որեւէ մեկը տարակուսում է կամ կասկած ունի, իմ պատվերը գալիս է իմ խղճից, իմ հավատից եւ իմ սիրուց եւ ուրիշ ոչ մի տեղից: Շատ անգամ նրանք, ովքեր խոսում են պատվերներից եւ ուրիշ հավատաքննությունից, իրենք վտանգի տակ են պատվերների տակ ընկնելու եւ հավատաքննվելու»: «Ժառանգության» առաջնորդը նաեւ առաջարկել է. «Նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր, նստեն մեկ սեղանի շուրջ եւ ողջամիտ, շրջահայց եղանակով աննախադեպ մեթոդաբանությամբ առաջ գնան, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա մեկ ընդդիմադիր թեկնածու»: ՀԱԿ-ից այս առաջարկին մեկ բառով արձագանքել է միայն Վլադիմիր Կարապետյանը` ասելով` «կտեսնենք»:

22-ԱՄՅԱ ՊՈՌՆՈԴԻԼԼԵՐԸ
Ոստիկանության 1-ին վարչության 3-րդ` բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում (կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժին) խոստովանական ցուցմունք է տվել օրեր առաջ համացանցում սեքս-ծառայությունների կայքի նախաձեռնողը (armgirls.am): Երիտասարդը 22 տարեկան է, Երեւան քաղաքի բնակիչ: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է նախաքննություն: Դեռ պետք է պարզվի` արդյոք նրա գործողություններում առկա է պոռնոգրաֆիկ նյութեր տարածելը:




Լրահոս