«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ ոստիկանությունում խորհրդակցություն է եղել, որը մի փոքր այլ, ոչ ավանդական ընթացք է ունեցել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարական է տվել` ամեն ինչ անել համապետական ընտրությունները հարթ ու առանց միջադեպի անցկացնելու համար: «Մենք բոլորի ոստիկանությունն ենք, չկան կուսակցություններ, չկա ընդդիմություն, չկա իշխանական ուժ: Բոլորը մեր քաղաքացիներն են: Եթե կա հակաօրինական գործողություն, պիտի անմիջապես պատժվի` որ կողմից էլ որ դա լինի»,-ասել է Գասպարյանը` ավելացնելով, որ ոստիկանների գլխավոր զենքը գրագետ աշխատանքն է: ԱԺ ընտրություններից առաջ ոստիկանության համակարգում կբացվեն նաեւ հատուկ հեռախոսահամարներ, ՀՀ բոլոր մարզերում ու հեռավոր գյուղերում կստեղծվեն ոստիկանական արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես պետք է գնան ահազանգերի հետքերով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գասպարյանը ոստիկանության բոլոր բաժինների ու վարչության պետերին, փոխոստիկանապետերին Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի օրինակով բացատրել է, որ եթե առաջիկայում որեւէ ոստիկան իր լիազորությունները գերազանցի ու զբաղվի քաղաքական հարցերով, խստագույնս կպատժվի: Հիշեցնենք, որ Արթիկի ոստիկանապետը հարազատ եղբոր` ՕԵԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Հունան Պետրոսյանի քարոզչությամբ զբաղվելու համար Վ. Գասպարյանի կողմից ուղարկվել է հարկադիր արձակուրդի:
ԱՐՏԱԿԱՐԳ ՆԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ