ՊԱՇՏՊԱՆԸ ԽՆԴՐԵԼ Է ՀԱՄՈԶԻՉ ՊԱՏԻԺ ՏԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես անմեղ եմ, ու պատասխան են տալու անմեղ մարդուն դատապարտելու համար»: Այսպիսի բացականչություններով երեկ եզրափակեց Աշոտ Չտրկյանն իր եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող իր բախտակիցների գործով դատական նիստը: Երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանի եւ Կարեն Պետրոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը` նշելով, որ իր պաշտպանյալներն անմեղ են:
Ըստ գործի նյութերի` պետական դավաճանության մեջ մեղադրվող Կ. Մեհրաբյանը 2011-ին, գտնվելով Թուրքիայում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ նրանց կողմից ստացել համապատասխան վարձատրության դիմաց համագործակցելու առաջարկ:   Կարեն Մեհրաբյանը ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու համար փորձել է ծանոթություններ հաստատել ՊՆ աշխատակիցների եւ ԼՂՀ քաղաքացիների հետ, որոնցից էլ հավաքած տեղեկությունները փորձել է հուլիսի 23-ին անցկացնել Թուրքիա, սակայն սահմանը հատելու պահին բռնվել է: Կարեն Մեհրաբյանն իր գործողություններն իրականացնելիս օգտվել է ինչպես ինտերնետ ակումբի ծառայություններից, այնպես էլ Աշոտ Չտրկյանի համակարգչից, ինչը նախաքննական մարմինը որակել է որպես օժանդակություն: Պաշտպանը նշեց, որ մեղադրանքի հիմքում դրվել են ապացույցներ, որոնք օրենքի խախտմամբ են ձեռք բերվել: Մասնավորապես, ինտերնետ ակումբի աշխատակից Կառլեն Ալեքսանյանը կոտրել է Կարեն Մեհրաբյանի կողմից օգտագործված համակարգչի ինտերնետային կայքէջը եւ ստուգել նրա նամակագրության վերծանումները: Դրանք եւ տվյալ համակարգիչը Կառլեն Ալեքսանյանը  հանձնել է իրավապահներին, որոնք` որպես իրեղեն ապացույց, դրվել են մեղադրանքի հիմքում: Մինչդեռ, ըստ պաշտպանի, արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ նախատեսված չէ օրենքով:
Կարեն Պետրոսյանի մասով. նշվում է, որ նա հաստատապես  իմացել է նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին ու չի հայտնել: 2011-ի օգոստոսի 23-ին Կարեն Պետրոսյանը` որպես վկա, ցուցմունք է տվել եւ նշել, որ Կ. Մեհրաբյանի «պատմածից ես հասկացա, որ խոսքը դավաճանության մասին է, ու ես նրան ասացի, որ շատ վտանգավոր գաղափար է»: Իսկ դատաքննության ընթացքում Պետրոսյանը բացատրել է, թե ինչու է նման ցուցմունք տվել. հարցաքննվելիս նա արդեն գիտեր  Մեհրաբյանին առաջադրված մեղադրանքի մասին, հետո էլ, քննիչի մեղադրական բնույթի հարցաքննությունից վախեցած, ստորագրել է այն ամենի տակ, ինչը ներկայացրել է քննիչը: Արդյունքում` ինքն իր դեմ ցուցմունք է տվել: Բացի այդ, եթե Պետրոսյանը վստահ լիներ, որ իրեն էլ Գրիգոր Մարգարյանի նման կհավատան, ապա ինքն էլ կպնդեր, որ Կարեն Մեհրաբյանն իրեն ոչինչ չի ասել: Ըստ պաշտպանի` մեղադրողը խտրականություն է դրսեւորել եւ ի տարբերություն Կարեն Պետրոսյանի` մի շարք անձանց ազատել քրեական պատասխանատվությունից` նրանց դարձնելով մեղադրող կողմի վկաներ: Կ. Պետրոսյանը նախաքննության փուլում ընդունել է մեղքը` նպատակ ունենալով ստանալ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:  Ըստ պաշտպանի` նախաքննական մարմինը նաեւ չի ապացուցել Պետրոսյանին վերագրվող հանցանքի ուղղակի դիտավորությունը, ուստի արարքը կատարվել է անզգուշությամբ, քանի որ նա վստահ է եղել, որ հանցագործություն տեղի չի ունենա:
Աշոտ Չտրկյանի մասով. ըստ մեղադրանքի` նա, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կ. Մեհրաբյանին: Արարքը համարվում է առանց մեղքի կատարված, եթե անձը չի գիտակցել իր գործողության` հանրության համար վտանգավոր բնույթը: Աշոտն ի՞նչ իմանար, թե ինչու է Կարենն իր համակարգիչն ուզում եւ ցանկանում մենակ մնալ: Աշոտը կարծել է, թե Կարենը ցանկացել է կնոջ հետ համակարգչով խոսել, ինչի համար էլ վերջինս խնդրել է իրեն մենակ  թողնել:   Փաստացի, Չտրկյանն իրավապահներին կամովին հայտնել է «հանցագործության կատարման» մասին եւ հանձնել «գործիքը»: Եւ դա արել է մինչեւ Մեհրաբյանի բռնվելը, ինչը պետք է դիտել որպես հետագա հանցագործությունը կանխելուն ուղղված օժանդակություն: Աշոտն իր ցուցմունքներում նշել է, որ Կարենն իրեն աշխատանքի առաջարկություն է արել, սակայն չի ասել, թե ինչ պետք է անի, ինչին ի պատասխան` Չտրկյանն ասել է, որ կհամաձայնի միայն աշխատանքի բնույթը հասկանալուց հետո: Կարեն Մեհրաբյանն էլ ասել է, որ լավ կլինի` նա չիմանա: Պաշտպանը խնդրեց համոզիչ դատական վճիռ  կայացնել:
Հաջորդ դատական նիստը` մարտի 29-ին` ժամը 11:30-ին:      

ՄԻԼԵՆԱ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ




Լրահոս