Armlur.am-ն այսօր տեղեկացրել էր, որ հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դանակահարվել է 26-ամյա Արմեն Բուդոյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` դանակահարողը եղել է նույն քաղաքի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող Մասիս Շվոյանը:
Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն զանգահարեց Մասիս Կարապետյանի եղբայրը` Գայը, հերքեց վերոնշյալ տեղեկությունը` վստահեցնելով, որ դեպքի օրը իր եղբայրն իր հետ է եղել` իրենց բնակարանում, և դանակահարության հետ առնչություն չունի:
Մասիսի եղբայրը նշեց նաև, որ իրենք ոչ թե Շվոյան են, այլ` Կարապետյան, և Armlur.am-ի հարցին, թե այդ դեպքում իրենք ինչու են կարծել, որ խոսքն իրենց մասին է, Գայը պատասխանեց, որ իրենք Կարապետյան են փաստաթղթերով, բայց Շվոյանների ազգից են:
«Եղբայրս այդ ամենի հետ կապ չունի: Մենք մի գյուղի բնակիչներ ենք Արմենի հետ, ու իմացել ենք, որ ինքը բանավոր ցուցմունք է տվել ու ասել, որ վնասվել է` խորովածի շշի վրա ընկնելով: Մասիս անունը ինքը չի տվել»,- ասաց Գայ Շվոյանը, ով տեղեկացրեց նաև, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի մի քանի աշխատակիցներ խուզարկել են իրենց բնակարանը` առանց պատճառաբանելու, թե որն է խուզարկության նպատակը:
Գայ Շվոյանը տեղեկացրեց նաև, որ իր եղբայրը Վարդենիսում չէ, սակայն հանրապետությունից դուրս էլ չի եկել:
Հիշեցնենք, որ Վարդենիսի զինվորական հոսպիտալից Armlur.am-ին հայտնել են, որ տուժող Արմեն Բուդոյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար:
Իսկ ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: