ՍԻՐՏՆ ՕՐԵՆՔՆԵՐ ԳՐԵԼ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն այն եզակի մարդկանցից է, ում ե՛ւ պաշտպանում են թալինցիները, ե՛ւ մեղադրում անսկզբունքայնության մեջ: Նրա համար ժամանակին ողջ Թալինը ոտքի կանգնեց, անհնազանդության ցույցեր արեց, փակեց միջպետական ճանապարհը, սակայն տեսնելով, որ հանուն իր պաշտոնի` Մնացականը կարող է «կուլ գնալ» իշխանություններին` թալինցիները սկսեցին նրանից երես թեքել:
Այն եզակի համայնքապետերից է Մնացական Մնացականյանը, ով, 2002 թվականից ղեկավարելով քաղաքը, հիմնականում ընտրվել է համաքաղաքացիների աջակցությամբ, սակայն հիմա արդեն նրա նկատմամբ անվստահություն կա, ինչն էլ պատճառ է դարձել, որ քաղաքապետը ցանկանում է տեղափոխվել օրենսդիր մարմին` այսպես փորձելով հեռանալ իր համաքաղաքացիներից:
Թալինի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մնացականյանը 1977-ին ընդունվել եւ 1982-ին ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը` ստանալով անասնաբույծի մասնագիտացում: Առանց բանակում ծառայելու` անմիջապես աշխատանքի է անցել Գառնահովտի խորհրդային տնտեսությունում որպես գլխավոր անասնաբույծ, ապա տեղափոխվել է Թալինի գյուղվարչություն եւ աշխատել որպես ավագ մասնագետ: 1995-ին անասնաբույծն աշխատանքի է անցել Թալինի ավտոտրանսպորտի եւ ճանապարհների ՊՓԲԸ-ում որպես տնօրեն: Իսկ 2002-ից Թալինի քաղաքապետն է: Ահա այսպիսի համեստ կենսագրություն ունի 53-ամյա Մնացական Մնացականյանը:
Սակայն այնքան էլ համեստ չէ նրա կենսագրությունը որպես քաղաքապետի, որովհետեւ քիչ չեն այն հրապարակումները, որոնցում քննադատության են ենթարկվել քաղաքապետի գործունեության այս կամ այն դրսեւորումները: Նրանից բողոքում են հարեւանները, որ օգտագործելով պաշտոնական դիրքը` փակել է իրենց ճանապարհը: Ու հիմա հարեւաններից մեկը բառացիորեն զրկված է նորմալ ելումուտ անելու հնարավորությունից: Գուցե շատ «աննշան» բան է, սակայն վկայությունն է այն բանի, որ քաղաքապետն իրեն իրավունք է վերապահում մարդկանց անհարմարություններ պատճառել` հանուն իր «բարօրության»:
Քաղաքապետի գործունեության ընթացքում բավականին լավ են դրսեւորվում նաեւ նրա բարեկամները: Թալինի սպորտդպրոցի տնօրեն Արշակ Ավդալյանը Մնացականյանի փեսան է եւ արդեն հասցրել է իր եղբոր` Գարեգին Ավդալյանի անունով կիսանդրի կպցնել հիշյալ սպորտդպրոցի պատին: Իհարկե, ողջունելի է, երբ ազգի ընտրյալներին հիշում ու նման կերպ մեծարում են, սակայն ճշմարտությունը պահանջում է հերթական անգամ բարձրաձայնել` ինչո՞ւ մի  մարդու կիսանդրին, որ առհասարակ սպորտի հետ կապ չունի եւ ընդամենը «Mayami» ռեստորանի նայողն է եղել (հասկանալի է, որ եթե հերթը հասել է կիսանդրուն, նշանակում է, որ նա մահացել է), պետք է զարդարի սպորտդպրոցը կամ թեկուզ ցանկացած այլ պետական շինություն: Օրենքներից եւ այլ «թիթիզություններից» չենք խոսում:
Թալինցիները պնդում են, որ քաղաքապետը ժամանակին քանդել է Թալինի նախկին ուսումնարանի շենքն ու ամբողջը, ինչ գտել է այդ տարածքում, չնչին գներով վաճառել քրոջ ամուսնուն: Ավելի ուշ այդ գործարքը նա կվերագրի ավագանու որոշմանը, սակայն ո՞վ չգիտի, թե հայաստանյան համայնքներում ավագանիների որոշումները որտեղից են ուղղորդվում կամ առհասարակ ինչ նպատակ ունեն: Իսկ փեսային էլ վաճառել է Թալինի ջեռուցման գլխավոր կաթսայատան թանկարժեք սարքավորումները` ընդամենը 10 մլն դրամով:
Ընդհանրապես նշենք, որ Թալինի քաղաքապետն ունի կոնֆլիկտային, սրա-նրա հետ «յոլա չգնալու» խնդիր (ասում են` մարզպետ Սարգիս Սահակյանի հետ էլ էին հարաբերությունները լարված), բայց ամենից շատ երեւի թե Մ. Մնացականյանը չի սիրում լրագրողներին: Օրինակ` կարող է կոպտել, երբ լրագրողը հարցնում է, թե արդյոք բազալտի հանքն ասֆալտի համար օգտագործելու թույլտվություն ունի: Ըստ մինչ օրս եղած հրապարակումների` Մնացի գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն` Թալինի քաղաքապետն ընդամենը 160 քմ տարածքով բնակելի տուն ունի, խեղճուկրակ 0.12 հա տնամերձ, 2 գյուղատնտեսական հողամաս ու 16 հա տարածք էլ կնոջ անունով: Վերջ: Բայց Թալին քաղաքում բոլորին է հայտնի, որ քաղաքապետը միայն «Mersedes» մակնիշի մի քանի մեքենա ունի, «Պրադո»-ներն ու այլ ջիփերը չհաշված, ձեռքի հետ էլ մի քանի խանութ քաղաքում ու նաեւ օբյեկտներ Երեւան-Թալին մայրուղու այս կամ այն հատվածում (օրինակ` «Մուշ» ռեստորանը Թալին-Երեւան ավտոճանապարհին, որտեղ հաճախակի են հյուրընկալվում ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու հարկային ծառայության նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանը), նաեւ «Ճանշին», որը կատարում է մարզի գրեթե բոլոր ասֆալտաշինական գործերը, եւ ասում են` մոտ 2 մլրդ 200 մլնի մրցույթներ է շահել:
Հիմա ՀՀԿ-ն թիվ 15 ընտրատարածքում առաջադրել է Մնացական Մնացականյանի թեկնածությունը: Եւ թալինցիները համոզված են, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ Մնացը խորհրդարան գնա, քանի որ պետք են մարդիկ, ովքեր խորհրդարանում ապահովելու են ՀՀԿ-ի նախաձեռնությունները, իսկ 2013-ին էլ սատարելու Սերժ Սարգսյանին: Բայց նրա համար բավականին դժվար է լինելու, քանի որ պիտի մրցի նախկին քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանի հետ:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս