Հայ հանրությունն ապրում է ստվերային տնտեսության դեմ պայքարի հերթական փուլը․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ հայ հանրությունը ապրում է ստվերային տնտեսության դեմ պայքարի հերթական փուլը: Այն, ինչպես հայտնի է, սկսվել է հուլիսի մեկից:

Այլ կերպ ասած, այս տարվա հուլիսի մեկը ոչ միայն առաջին եւ երկրորդ կիսամյակների «բաժանարար» օրն է, այլ արդեն ունի մի տեսակ մոգական նշանակություն: Կար Հայաստան մինչեւ այս տարվա հուլիսի մեկը, եւ կա Հայաստան` հուլիսի մեկից հետո: Համարյա՝ մեր թվարկությունից առաջ եւ հետո: Թե ի՞նչ է լինելու հուլիսի մեկից հետո, այսինքն՝ երկրորդ կիսամյակում՝ պարզ կդառնա միայն հաջորդ տարվա սկզբին, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեն կհրապարակի այդ ժամանակահատվածին վերաբերող ցուցանիշները: Իսկ առայժմ մենք կարող ենք ուսումնասիրել այս տարվա առաջին կիսամյակին վերաբերող իրողությունները, քանի որ ՀՀ ՊԵԿ-ը արդեն հրապարակել է հունվար-հունիս ամիսների առաջին հազար խոշոր հարկատուների եւ նրանց վճարած հարկերի մասին ավանդական ցուցակ-տեղեկանքը:

Առաջին հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, նույն ինքը` «Հայռուսգազարդը»: Այս տարվա առաջին կիսամյակում «ԳԱ»-ն վճարել է շուրջ 24 մլրդ դրամի հարկ՝ անցած տարվա 19.4 մլրդ-ի դիմաց: Աճը հսկայական է: Բայց ինչի՞ հաշվին: Բնականաբար, գազի եւ էլէներգիայի սակագնի աճի հաշվին: Խնդիրն այն է, որ եթե անցած տարվա առաջին կիսամյակում մենք` սպառողներս, մեկ խմ գազի դիմաց վճարում էին 132 դրամ եւ այդ գումարից 21.9 դրամը ավելացված արժեքի հարկի տեսքով ուղիղ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի մենք մեկ խմ գազի դիմաց վճարում ենք արդեն 156 դրամ: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր խմ գազի դիմաց մենք 26 դրամ ենք վճարում ԱԱՀ, որը նույնպես ուղիղ գնում է պետբյուջե:

Այսինքն, յուրաքանչյուր խմ գազի դիմաց ավելի թանկ վճարելով՝ ավելի շատ հարկ ենք վճարում: Տվյալ դեպքում ավելի քան 4 դրամ ամեն խմ գազից: Բայց արձանագրվում է, որ այդ գումարը ոչ թե մենք ենք վճարել, այլ «Գազպրոմ Արմենիան»: Եթե հաշվի առնենք, որ տարվա կտրվածքով Հայաստանում սպառվում է 1.7-1.9 մլրդ խմ գազ, ապա դժվար չէ հաշվարկել, որ միայն գազի սակագնի բարձրացման հաշվին յուրաքանչյուր խմ-ից 4 դրամ լրացուցիչ ԱԱՀ-ն տարեկան կտրվածքով բյուջեին կարող է բերել 7-8 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ:

Բացի այդ, նույն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում նաեւ Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը` «5-րդ բլոկը», որի արտադրած էլէներգիան նույնպես թանկացել է, եւ առաքվող յուրաքանչյուր կՎտ ժամից նույնպես ԱԱՀ է գանձվում: Եւ այս դեպքում էլ ԱԱՀ-ն վճարել են սպառողները: Այնպես որ, «ԳԱ»-ի վճարած հարկերի նման կտրուկ աճը, պատկերավոր ասած, «հաշիվ չի» եւ բոլորովին չի նշանակում իրական հարկերի ավելացում: Նույնը «Հայաստանի էլցանցերի» պարագայում, որի վճարած հարկերը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել են 800 միլիոն դրամով կամ 17 տոկոսով: Մյուս տնտեսվարողների վճարած հարկերի պատկերը բոլորովին այլ է:

Օրինակ, ցուցակի երկրորդ տեղում հայտնված «Ղ-տելեկոմը» վճարել է 10.2 մլրդ դրամ, ինչը մոտ մեկ միլիարդ դրամով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից: Երրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը առաջին հայացքից ցնցող արդյունքներ է ցույց տվել: Այս տարի «Ալեքս Գրիգը» վճարել է 9.6 մլրդ դրամի հարկ, անցած տարվա 6.7 մլրդ-ի դիմաց: Աճը կազմում է մոտ 3 մլրդ դրամ կամ 43 տոկոս: Իրոք ցնցող է, բայց միայն առաջին հայացքից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս