«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ԲԼԵՖԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Զազունյանը, անրադառնալով «Արմավիա»-ի եւ «Զվարթնոց Արեմենիա» միջազգային օդանավակայանի միջեւ հարթված վեճին, գրում է. ««Արմավիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանի հետ հաշտությունից հետո շատ արագ դուրս եկավ սնանկացումից, պարզվեց` էլ «պարտքեր» չունի, պատրաստվում է ընդլայնել իր թռիչքների աշխարհագրությունը, նոր ուղղություններ բացել դեպի Միլան, Ամիրթաս, Ստոկհոլմ եւ Բիրմինգեմ: «Արմավիա»-ն պատրաստվում է նաեւ ապրիլ ամսին ներմուծել նոր մեծ ինքնաթիռներ, այդ թվում այնպիսիք, որոնք ընկերության կողմից առաջին անգամ են շահագործվելու: Սնանկացման մասին հայտարարել պատրաստվող ընկերության համար ինչ-որ շատ արագ տեղի ունեցավ ճգնաժամից դուրս գալը, ինչը վկայում է, որ այս ամենն ընդամենը լավ բեմադրված շոու էր…»,

Օգտատեր Վախթանգ Սիրադեղյանն էլ հետաքրքիր զուգադիպություն է «հայտնաբերել»` կապված ներքաղաքական հարցերի շուրջ մարդկանց արտահայտած մտքերի եւ դրանց արձագանքների հետ: Նա գրում է. «21-րդ դարի 1-ին տասնամյակի (+1) հայաստանյան դասը. Եթե մարդ խոսում կամ գործում է ընդդեմ «ՀՀԿ+ԲՀԿ+ՕԵԿ+…=կոալիցիա»-ի, ապա ինքնըստինքյան դա ընդդեմ իշխանական-գողական բեսպրեդելի է, կոռուպցիայի եւ ստրկամտության… Եթե մարդ խոսում կամ գործում է ընդդեմ «ՀՀԿ+ԲՀԿ+ՕԵԿ+…=կոալիցիա»-ի, ապա ինքնըստինքյան դա հանուն արդարության է, օրինականության եւ արժանապատվության»:
Մեկ այլ օգտատեր Միքայել Յալանուզյանն էլ հողերի սեփականաշնորհման մասին գրում է.  «Մի հոդված էի կարդում հողի սեփականաշնորհման մասին: Այնտեղ այսպիսի միտք կա. «…դա, ըստ էության, «նոմենկլատուրային» սեփականաշնորհում էր, որի վտանգավորությունը բազմակացութաձեւությունը մենաշնորհով փոխարինելու մեջ էր: Սեփականաշնորհումը շատ դեպքերում ծառայեցվում էր առանձին մարդկանց հարստացմանը, որն ամենեւին էլ ձեռներեցության խթանում չէր: Պետական սեփականության առանձին միավորները հայտնվեցին բանկերից նախկինում վարկեր ստացած «ցեխավիկների» կամ տվյալ շրջանի իշխանությունների «շրջապատի» ձեռքին: Սեփականաշնորհման այս փուլում արտադրության միջոցները, փաստորեն, սեփականաշնորհվեցին առանձին մարդկանց` էժան գնով (օրինակ` Վարդենիսի պանրի գործարանը իր շենքերով, արտադրական հոսքերով սեփականաշնորհվեց ընդամենը 400 ԱՄՆ դոլարով)»:  
Լրագրող Արտակ  Եղիազարյանը իր պատին է տեղադրել  ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտնի ելույթի տեսագրությունը, որտեղ վերջինս հավաքվածներին ասում է. «Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, թոշակը խի՞ ա ցածր, որովհետեւ Սերժ Սարգսյանը, երբ Մոնտե-Կառլո է գնում, եւ կոնը պետք է խաղա (այսինքն ղումար), դնում ա 50 հազար դոլար: Հասկանում եք` էտ ի՞նչ ա նշանակում, այսինքն ստավկեն, երբ սկսում ա, դնում ենք 50 հազար: Այ էտ ձեր փողերն ա, սաղիդ փողերն ա: Այսինքն ձեզ ձեռ են առնում. 20 դրամ թոշակ են բարձրացնում, ասում են` բարձրացրինք, բա խի՞ չեք ուրախանում»: Վերջում էլ, հարց ուղղելով իր ընկերներին, Արտակը գրում է. «Իսկ գիտե՞ք, թե որտեղ է այս խոսքերի հեղինակը, թե չգիտեք` ասեմ, իմանաք, ՀՀԿ-ում»: Այս գրառման տակ արված մեկնաբանություններում Մկրտիչ Իսրայելյանը հեգնանքով գրում է. «Նա հավատաց եւ փոխվեց», իսկ Իզաբելլա Աբգարյանն էլ օգտատիրոջը հիշեցնում է. «Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի ճառերը մոռացե՞լ ես…» եւ ավելացնում` «Ամեն ինչ իր տեղն է ընկնում… Լավ է այսպես, քան սուտ ընդդիմադիր ձեւանալ»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս