«Առավոտ» թերթը գրում է․ ««Հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական Սուրբ էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը հայաստանյան չորս լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել ՝ հաստատելով, որ ամեն ինչ սկսվել է կենցաղային խնդրից, երբ մի վրացուհի չի կարողացել կայանել կամ կայանատեղիից դուրս գալ և սկսել էր դժգոհել, իսկ դրան հետևել էին արդեն, հայտնի իրադարձությունները:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 19-ի միջադեպին՝ նշեց, որ այն միանշանակ կենցաղային բնույթի է եղել, և լավ է, որ Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրենը նույնպես դա է փաստում, թեև ի սկզբանե հայտարարեցին, թե միջադեպը միջէթնիկական, միջկրոնական է:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը նշեց, որ իրենց կազմակերպությունը ուսումնասիրել է միջադեպը, լսել է կողմերի տեսակետները, նաև ուսումնասիրել են Թբիլիսիի հայկական Սուրբ էջմիածին եկեղեցու տարածքում տեղադրված տեսախցիկներով ֆիքսված կադրերը: «Դեպքի վայրում մինչև 20 հոգի են եղել, 13-20, որոնց մեջ եղել են նաև հայեր: Մեր կազմակերպությունը կոնկրետ չորս հայերի հետ զրուցել է: Հնարավոր չէ այդ միջադեպն անվանել միջէթնիկական բնույթի, քանի որ խմբում նաև հայեր են եղել»:
Միջադեպից օրեր անց Վիրահայոց թեմի առաջնորդը նշել էր, որ «եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթույլատրելի է մեր հասարակությունում»: Ի՞նչն է հիմք ընդունվել նման ձևակերպումներով հանդես գալու համար՝ հարցրինք Առնոլդ Ստեփանյանին: Մեր զրուցակիցը ուշագրավ փաստ համարեց այն, որ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կայքում վերոնշյալ հաղորդագրության հայերեն և վրացերեն տարբերակներում գնահատականների տարբերություններ են եղել:
Եթե հայերեն տարբերակում «ազգային անհանդուրժողականության» մասին է հիշատակվել, ապա նույն հաղորդագրության վրացերեն տարբերակում այդ ձևակերպումը չի եղել, այսինքն ՝ Վրաստանի համար մի տեղեկատվություն է տարածվել՝ «կենցաղային և խուլիգանական դրսևորումներ» որակումներով, իսկ հայերի համար, հայերենով տարբերակում արդեն՝ «ազգային անհանդուրժողականության» գնահատականներով: «Ես տեղյակ չեմ՝ հիմա ուղղել են, թե ոչ այդ հաղորդագրությունը, բայց ամեն դեպքում մենք ունենք «սքրին-շոթերը» և այդ հարցը բարձրացնելու ենք եկեղեցու առջև: Մեզ հետաքրքրում է, թե ինչու են այդպես վարվել: Բացի այդ, շատ հետաքրքիր է, թե ինչու ի սկզբանե չճշտված տեղեկատվություն տարածեցին «միջկրոնական», «միջէթնիկական» բնույթի վեճի մասին: Գիտակցվա՞ծ, թե՞ ոչ գիտակցված են դա արել, չէ՝ որ վտանգներով է հղի այդ տիպի տեղեկատվությունների տարածումը: Եթե գիտակցված է դա արվում, ապա այս դեպքում արդեն այլ եզրակացություններ կարելի է անել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։