«ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

35-ամյա Աննան երեկ քաղաքապետարան էր եկել, որպեսզի ստանար իրեն հուզող  հարցի պատասխանը: Նա ունի առողջական խնդիր` նեւրոտիկ սինդրոմ, մեկուկես ամսվա ընթացքում երկու անգամ բուժվել է, բայց ոչ լիարժեք: Աննան կարիք ունի բուժումը շարունակելու, բայց քանի որ վճարունակ չէ` անվճար բուժում ստանալու հույսով  դիմում էր քաղաքապետարան:
Աննան ապրում է Երեւանում, ունի 14 տարեկան աղջիկ, ամուսնալուծված է: Մեզ հետ զրույցում ասաց, որ չի աշխատում, որովհետեւ որտեղ դիմում է, ասում են, որ 25 տարեկան աղջիկներ են պետք. «Ես մեղավո՞ր եմ, որ 35 տարեկան եմ, ուրեմն պետք է չաշխատե՞մ, երեխաս սովա՞ծ մնա»:
Նա քաղաքապետարան առաջին անգամ էր դիմում եւ հույս ուներ, որ չի մերժվելու: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը հայտարարել է «Ձեզ համար, կանա՛յք» անվճար բուժօգնության մեկամսյակ:
«Սովորական հիվանդանոցում ինձ չեն կարող օգնել: Ես պետք է հատուկ կենտրոնում բուժվեմ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Աննան` նշելով, որ «Էրեբունի» հիվանդանոցում բուժվել է, բայց թերի: «Ես դուրս գրվելու օրն ասացի, որ ինձ վատ եմ զգում, ինձ դուրս մի՛ գրեք, իրենք էլ պատասխանեցին, թե` գնա՛ լողով զբաղվի, կցրվես, լավ կլինի»,-հուզված պատմեց Աննան` հավելելով, որ եթե մարդն ի վիճակի չէ վճարելու, ապա պետք է այդպես էլ «մեռնի՞»:
Քաղաքապետարանի առողջապահական բաժնում նրան կոպիտ պատասխանեցին, որից հետո Աննան իրեն շատ վատ զգաց եւ չկարողացավ զսպել իր արցունքները: «Մարդ ուզում է թողնի գնա Հայաստանից: Այնքան կարեւոր է այդ բուժումը, որ ուզես-չուզես, պետք է բուժվես»,-լացակումած խոստովանեց Աննան: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Մոսկվայում եւ Ուկրաինայում: «Այնտեղ լավ են վերաբերվում մարդկանց, քո ձայնը լսում են»,-նշեց նա` մեծ ափսոսանքով նկատելով, որ Հայաստանում այդպես չէ:
«Ժողովուրդ»-ի հետ միասին Աննան քաղաքապետարանից ուղեւորվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ նրան ասացին, որ պետք է անպայման «Փարոս»-ում հաշվառվի, ապա նոր այդ թղթերով գնա համապատասխան կենտրոն: «Եթե «Փարոս»-ը բավարար միավորներ տա, նոր կկարողանամ գնալ բուժվելու: Հիմա էլ պետք է ընկնեմ թղթեր հավաքեմ»,-դժգոհեց Աննան:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ավելի բարեհամբույր են մոտենում մարդկանց, քան քաղաքապետարանում: Նշենք, որ կնոջ անունը փոխված է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս