ՀՀԿ PR-Ը` ՊԱՏՈՒՀԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական այս շրջանում կառավարության կողմից զիջված հարկերի մասին լուրը շատ գյուղական բնակավայրերում, կարելի է ասել, հակառակ ազդեցությունն է ունեցել։ Դժգոհում են ոչ միայն պարտաճանաչ հարկատուները, այլեւ համայնքապետերը` շեշտելով, որ ընտրությունների նախաշեմին քարոզչական մանիպուլյացիայի գնալով` իշխանությունները սեպ են խրում համայնքապետ եւ համայնքի բնակիչ հարաբերությունների մեջ։
Այս կերպ իշխանությունները, մեղմ ասած, փաստի առաջ կանգնեցրին մարզպետերին եւս, որոնք յուրաքանչյուր մարզխորհրդի նիստի ժամանակ անխնա հալածում էին եկամուտների ցածր կատարողական արձանագրած գյուղապետերին, ծույլ աշակերտի կարգավիճակի մեջ դնելով՝ խոստանում պատժել օրենքի ամբողջ խստությամբ։ Օրինակ` Աշոտ Գիզիրյանը հրահանգել էր ստուգումներ սկսել այն համայնքներում, որտեղ գյուղապետերը դժվարացել են հարկեր հավաքել` սպառնալով պատժել։ Եւ հիմա, փաստորեն, ծիծաղելի կարգավիճակում են հայտնվել մարզային իշխանությունները, որոնք գյուղացուն, բարեխիղճ հարկատուին ոչ մի կերպ չեն կարողանալու բացատրել, որ իրենք պարզապես կամակատար են, որ հարկ եղած դեպքում դեմքին լուրջ արտահայտություն տալով, գոռալով ու սպառնալով` հարկ են կորզելու գյուղացուց, իսկ եթե դրա կարիքը չկա` գովերգելու են hանրապետականներին, թե տեսեք` ինչ լավություն են արել իշխանությունները։
 Իսկ այս ամենը շատ լավ են հասկանում գյուղացիները։ «Էդ էլ ընտրություն էր, դրա համար զիջեցին, որ ասեն` տեսեք ինչ լավն է հանրապետականը, բայց հանրապետականն ի՞նչ է արել։ Ես թոշակառու մարդ եմ, բերանիցս կտրել, հարկ եմ մուծել։ Շահեց էն մարդը, ով որ բանի տեղ չէր դնե սրանց, ոչ էլ քոռ կոպեկ կուդար ու ճիշտ էլ կեներ։ Քանի կար` վրեքս յուրիստ էին բերել դրել։ Գյուղապետարանը նստած է։ Յուրիստ ընչի՞ եք բերել, օր ունենամ՝ կուդամ»,-դժգոհում է Ազատան համայնքի բնակիչ Ժորա Սահակյանը։
«Մի տարի էլ վարկ վերցրեց տղես, տարավ հողի հարկ, գույքահարկ մուծեց։ Էս անգամ էլ լրիվ տվել էի` 140.000 դրամ, բայց թե օր զիջեցին՝ ի՞նչ էնեմ»,-ասում է 65-ամյա Համլետ Սիրականյանը։
Գյուղապետերի համար հիմա իսկապես ծանր իրավիճակ է, քանի որ գյուղացիները հենց նրան են դժգոհելու, թե ինչու էր իրենց դատի տալիս: «Գյուղապետին սարքեցին չուզող, իբր տեսե՛ք` իշխանություններն ինչ լավն են, իսկ անպետք գյուղապետերը ձեզ տանջում ու հարկեր էին կորզում»,-ասում է մարզի համայնքներից մեկի ղեկավարը։
Կապս համայնքի ղեկավար Լորիկ Մկոյանը հավաստում է, որ գյուղի նպաստառուներն ու թոշակառուները պարտաճանաչ վճարել են հարկերը. «Բայց ես բնակիչ ունեմ, որ ունեցող, հարուստ մարդ է, ու ապառքները չի վճարում՝ 2-300.000 դրամ։ Էսօրվա դրությամբ դա էնպիսի մի քայլ էր գյուղին, որ հողի հարկ մուծող էլ չի լինի։ Ովքեր որ շախա գուկային, թե չեմ տա փողը, մեզի ի՞նչ են անելու, պարզվեց` ճիշտ էին ասում»։
Եղել են նաեւ դեպքեր, որ գյուղացիները գնացել են համայնքապետարան եւ իրենց վճարած հարկերը հետ պահանջել։ Նման դեպքեր եղել են մարզի մի շարք գյուղական բնակավայրերում, եւ հենց այդ հանգամանքն էլ հունից հանել է գյուղապետերին, որոնք անորոշ հարցադրում են անում. «Հիմա ի՞նչ ենք անելու, դե գնա ու սրանից հետո հարկ պահանջի»։
Օրեր առաջ, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եկել էր Գյումրի՝ ՀՀԿ քարոզարշավն իրականացնելու համար, մեկ մարդու նման բոլոր համայնքապետերը կանչվել էին Դրամատիկական թատրոն, որտեղ եւ տեղի ունեցավ հանդիպումը։ Վարչապետի կողքին էր նաեւ ՀՀԿ ցուցակում իր  «պատվավոր» տեղը զբաղեցրած Գիզիրյանը, սակայն ո՛չ նա, ո՛չ համայնքապետերը համարձակություն չունեցան հարց բարձրացնել, թե ինչին էր միտված իշխանությունների «բարեգործությունը»։ Մարզպետը չփորձեց անգամ ակնարկել, թե ինչու է «իրեն այդքան հարազատ դարձած կուսակցությունը» վարկաբեկում ու հեղինակազրկում մարզային իշխանություններին։ Հետաքրքիր է` հաջորդ մարզխորհրդի նիստի ժամանակ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ընտրություններից հետո, մարզպետերն ինչպես են կուրծք ծեծելու, թե «հա՛րկ հավաքեք, այլապես կպատժեմ»։ Իսկ որ ընտրություններից հետո հրահանգ կլինի ավելի ինտենսիվորեն լծվել հարկահավաքության գործին, կասկածից դուրս է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս