«ԵՂԱԾ-ՉԵՂԱԾՍ ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԻԿՈԼԱՅ  ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով  «Դժվար ապրուստ» սերիալում մարմնավորում է Ֆելիքսի դերը, սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, մասնագիտությամբ դերասան է: Հիշեցնենք, որ մինչ այս սերիալը, Նիկոյալը նկարահանվել է նաեւ «Շփացած խելագարները» սերիալում` Պաշի դերում:
-Ձեր խաղացած բոլոր դերերն էլ բացասական են, ինչպե՞ս կարելի է հասկանալ: Չե՞ք նեղվում, որ վատ տղաների դերերն են Ձեզ բաժին հասնում:
-Իմ կերպարները վերցված են կյանքից եւ այդ բացասական դերերը մեծ հաճույքով եմ խաղում: Ի դեպ, Ֆելոյին բացասական չեմ համարում, ինքը կյանքը ճիշտ պատկերացնող տղայա, տեսե՛ք, թե ինչպիսի հարգանքով ու սիրով է վերաբերվում իր պապին: Յուրաքանչյուր դերի մեջ էլ դաստիարակչական բնույթ կա: Ես ինքս էլ իմ կերպարներից շատ բաներ եմ սովորում: Լավ էլ հակված եմ բացասական դերեր խաղալուն:
-Երբ փողոցում տեսնում են Ձեզ, ավելի շատ ո՞ր կերպարով են հիշում:
-Ավելի շատ Պաշ են ասում, երեւի դա տպավորիչ է եղել:
-Արձագանքները դրակա՞ն են, թե՞ բացասական:
-Տարբեր, մեր հասարակությունը յուրովի է ընկալում յուրաքանչյուր կերպար: Ճիշտ է, միշտ չէ, որ ինձ ժպիտով են դիմավորում, նույնիսկ անիծել են: Մի օր դպրոցի կողքով անցնում էի, մի տատիկ էլ իր թոռան հետ էր գնում: Երեխան ինձ ճանաչեց ու բղավեց. «Տատի՛, նայի՛, Պաշը»: Տատիկն էլ, թե «ջհանդամը, թե Պաշը չի»:
-22 տարեկան եք, բայց արդեն հասցրել եք թատրոնում խաղալ:
-Եղել են դերեր, որ հրավիրել են, խաղացել եմ: Իմ ձգտումը հենց թատրոնում լինելն է:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք սերիալում նկարահանվում: Եկամտի միջո՞ց  է, թե՞ տեսախցիկի հետ աշխատելու փորձ:
-Գիտեք ինչ, ես այդ գործին մոտենում եմ որպես պրոֆեսիոնալ աշխատանք, դա հենց էնպես պարզապես գործ չի: Իսկ թատրոնում չեմ խաղում, որովհետեւ ժամանակի խնդիր ունեմ: Ավարտելուց հետո ես կտեղավորվեմ որեւէ թատրոնում:
-Կարծիք կա, որ սերիալները մի քիչ փչացնում են դերասաններին:
-Ամեն ինչ էլ կարող է փչացնել: Դերասանը կարող է թատրոնում էլ փչանալ: Այդ մտքի հետ ընդհանրապես համաձայն չեմ: Եթե մենք չունենք գեղարվեստական կինո, ու հրավերներ չկան, ուրեմն մեզ դրսեւորում ենք սերիալում: Զարմանում եմ, որ անընդհատ շահարկվում է սերիալը: Մի՛ մոռացեք, որ դուք էլ, մենք էլ շատ դերասանների սերիալների միջոցով ենք ճանաչել: Ու եթե կա նման մեկը, ով տարբերություն է դնում թատրոնի ու սերիալի դերասանի մեջ, կարող եմ ասել` տգետ մարդ է: Այսօր կա հնարավորություն նկարահանվելու սերիալում, այդտեղ ենք ցույց տալիս մեր ունակությունները: Ես հիմա ինքս էլ նկարահանվում եմ Սուրեն Բաբայանի ֆիլմում, ունեմ նաեւ այլ հրավերներ: Այսօր շատ մեծ դերասաններ` Արմեն Մարության, Արտաշես Ալեքսանյան ու էլի շատերը, խաղում են սերիալներում, ուրեմն ես էլ պետք է հպարտությամբ խաղամ, որովհետեւ ինձ բախտ է վիճակվել իրենց հետ նկարահանվել: Ես նրանցից շատ բան եմ սովորել: Եթե ինձ ասեն` մի հատ գեղարվեստական ֆիլմ կա, մի հատ էլ սերիալ, որտե՞ղ կնկարահանվես, ես կասեմ` երկուսում էլ, դրա մեջ վատ բան չկա, դա հենց դերասանի գործն է: Նոր սերիալ լինի, էլի կնկարահանվեմ: Չեմ նեղվում, որ սերիալում եմ նկարահանվում: Անկեղծ եմ ասում, ճանաչողություն էլ եմ ձեռք բերել հենց սերիալի միջոցով:
-Դե քանի որ արդեն ճանաչում են, ուրեմն բամբասանքներից էլ խուսափել չեք կարող: Ի՞նչ բամբասանքներ եք լսել Ձեր մասին:
-Սկզբնական շրջանում, երբ «Շփացած խելագարները» սերիալում էի խաղում, լսեցի, որ վթարից մահացել եմ:
-Ես էլ լսել էի, որ Դուք եւ հորաքրոջ դերակատարը` Նարինե Դիլանյանը, քույր ու եղբայր եք:
-Շատ են ասել՝ արտաքնապես նման եք, բայց մենք պարզապես ընկերներ ենք: Ճիշտ է, ազգակցական կապ չկա, բայց Նարինեն ինձ համար հարազատ անձնավորություն է դարձել:   
-Ուրիշ մի բամբասանք էլ կար, ըստ որի` հաճախ եք հայտնվում Փարաքարի խաղատներում:
-Բա, եղած-չեղածս էնտեղ տանուլ տվեցի (ծիծաղում է-Ե.Ռ.), դրա համար էլ դժվար ապրուստ է մոտս: Կազինոներ չեմ հաճախում, բայց նկարահանումների ժամանակ, երբ խաղամոլի դեր էի տանում, մի քանի դրվագ կար, որ հենց կազինոյում պետք է նկարվեի, գնում էիք Փարաքարում գտնվող «Սենատոր» կազինոն: Երեւի տեսել են, բայց չեն հասկացել` ինչն ինչոց է:     
-Նկարահանումներից վաստակած գումարն ինչի՞ վրա եք ծախսում, միգուցե հավաքում եք, որ տուն, մեքենա՞ գնեք:
-Փառք Աստծո, ես այդ ամեն ինչն ունեմ, բայց ոչ նկարահանումների միջոցով: Չեմ կարող ասել` կոնկրետ ինչի վրա եմ ծախսում, բայց ծախսվում է ու լավ է ծախսվում:
-Հիմա մի անձնական հարց, որ Ձեր երկրպագուհիներն անտեղյակ չմնան: Ամուսնացա՞ծ եք, ունե՞ք սիրելի աղջիկ:
-Եկե՛ք այդ հարցը հանենք էլի:
Հ.Գ. Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` Նիկոլայը նշանված է, սակայն, ինչպես տեսանք, անձնական բնույթի հարցերից խուսափում է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս