ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ սեփականաշնորհված ավտոտնակ, բայց տուն չունեմ եւ ուզում եմ այդ ավտոտնակի վրա տուն կառուցել` ընտանիքով այնտեղ բնակվելու համար: Խնդրում եմ ասել` արդյոք օրենքով թույլատրելի է ավտոտնակի վրա տուն կառուցելը:

 Լենա Դանիելյան, 29 տարեկան, լեզվաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ` քաղաքացին ավտոտնակի վրա տուն կառուցել կարող է միայն այն դեպքում, երբ ավտոտնակը կառուցված է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողի վրա, անհատական բնակելի տների թաղամասում եւ չի գտնվում բազմաբնակարան շենքերի գոտում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչն է շատ` ավտոտնակը, ընդ որում, դժվար չէ նկատել, որ մետաղյա ավտոտնակներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են երկաթբետոնե շինություններին: Ասում են, թե Երեւանում եւ այլուր սփռված հազարավոր ավտոտնակների ավելի քան 90 տոկոսն օրինական չեն` շինթույլտվություն ժամանակին չեն ստացել, բայց  համապատասխան վերաբերմունքից հետո նման տնակատերերին չի արգելվել շինարարությունն իրականացնել: Քաղաքային իշխանությունները մերթընդմերթ հույս են տալիս, թե երբեւէ այդ շինությունները կօրինականացվեն: Քիչ չեն նաեւ երկհարկանի ավտոտնակները, որոնց վերնամասը կա՛մ իբրեւ խորդանոց է ծառայում, կա՛մ բնակվելու պայմաններ են ստեղծված:  Այդպիսիք հազիվ թե սեփականաշնորհված հողի վրա կառուցված լինեն, ու հավանական է, որ այսպես կոչված 2-րդ հարկն էլ անօրինական լինի: Ի դեպ, ավտոտնակի անվան տակ կառուցված բավականին շքեղ երկու, անգամ երեքհարկանի տներ կարելի է տեսնել հենց քաղաքի կենտրոնում, օրինակ`  Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում տեղակայված շենքի բակում կամ Մաշտոցի պողոտայում` «Էկզոտարիում»-ի եւ նախկին ջահերի շենքի հետնամասում:




Լրահոս