ԿՐՈՆԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՎԵՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաժան ծեծի էին ենթարկվել եկեղեցու քահանան եւ այլ հոգեւորականներ, կրքերը դեռ չեն հանդարտվում մեր հարեւան երկրում: Բայց այս անգամ վրացիները ոչ թե հերթական հայկական եկեղեցին կամ շինությունն են քանդել, այլ խուլիգանություն են թույլ տվել։ Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, Վիրահայոց թեմի իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն, նշված օրը ծեծի ենթարկված Լեւոն Իսախանյանից, երեկ կրկին ագրեսիվ մի խումբ շրջապատել է հայկական եկեղեցին. «Եկեղեցուց մի փոքր հեռու հավաքվել են մի խումբ մարդիկ եւ բավականին ագրեսիվ են: Մենք հուսով ենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդար կքննի գործը»: Թե ինչն է հայ հոգեւորականների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու պատճառը, առայժմ հստակեցված չէ: Երեկ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց, թե դեպքն ազգամիջյան բնույթ չի կրել, եւ տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Հետեւաբար՝ 125-հոդվածի՝ վնասվածքներ հասցնելու հատկանիշներով, վրաց իրավապահները քրեական գործ են հարուցել: Սակայն Վրաստանում Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու թեմը համաձայն չէ այս գնահատականի հետ եւ, ըստ apsny.ge կայքի, թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատուրյանը նշել է, որ կձգտեն հասնել մանրակրկիտ հետաքննության եւ գործի ադեկվատ որակավորման. «Մենք համաձայն չենք, որ դա սովորական խուլիգանություն է, եւ հետաքննություն ենք պահանջելու»,-ասել է Խաչատուրյանը:

 

Հայաստանի տնտեսությունը շարունակում հրաշքներ գործել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսությունն աճել է 3.4 տոկոսով. այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այս տարվա համար խոստացել է ապահովել 4 տոկոս աճ: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, տնտեսական աճը պաշտոնական տվյալներով կազմել է 3.3 տոկոս, իսկ Աբրահամյանի օրոք, երեք ամիսների ընթացքում այն ավելացել է ընդամենը 0.1 տոկոսով: Սա, թերեւս, բավականին «խոսուն» կերպով ի ցույց է դնում կառավարության գործունեության արդյունավետությունը: Նկատենք, որ այս տարի արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ բացարձակ չեն աճել, միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն են աճել 1.4 տոկոսով եւ շինարարությունը՝ 0.4 տոկոսով:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ շատ լարված են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարեւում: Սակայն, Ռ. Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որեւէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. «Ես ձեզ ասեմ. նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես»: Իսկ ինչ վերաբերում է Գ. Բեգլարյանին. «Ես կարող եմ, որպես մարդ… լինեն մարդիկ, որոնց հետ որեւէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը»,-ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա: «Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»,- ամփոփեց իր խոսքը Ռուբեն Հայրապետյանը:

 

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի «Սեքյուրեթի Դրիմ» ընկերության հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց ընկերության հիմնադիր տնօրեն Ալիկ Զաքարյանը: «Այն խոսակցությունները, թե Ալեքսանդր Սարգսյանը «փայ ունի», որ իբր ստացված գումարները մուտք չեն գործում պետբյուջե, այլ մասնավորի գրպանն են մտնում, բացարձակ հիմք չունեն»,- ինքնաբուխ ավելացրեց տնօրենը՝ շեշտելով նաեւ. «Նույն Ալեքսանդր Սարգսյանը, ում մասին այդքան խոսում են, տուգանվում է ու վճարում դրանք: Ես ինքս էլ տուգանվում եմ ու վճարում: Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ երբեւէ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը, բոլոր տեսուչները կամ պետական շատ գործիչներ կտուգանվեին: Այսօր դա կա: Պետք է տեսնել դա»: Հիմնադիր տնօրենի խոսքով՝ մեր երկրի տարբեր հատվածներում տեղադրված արագաչափերի 30 տոկոսը դատարկ է, որն ունի հոգեբանական նպատակ, որպեսզի վարորդները նկատեն դրանք ու դանդաղ վարեն մեքենան: Իսկ թե որ հատվածներում են տեղադրված դրանք, Զաքարյանը, բնականաբար, չմանրամասնեց:




Լրահոս