ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակին, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգմանն ու ներքաղաքական խնդիրներին: Ներկայացնում ենք հարցազրույցի ուշագրավ հատվածները:
-Զարգացումներն իսկապես մտահոգիչ են, բայց ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որեւէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որեւէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել: …Տեղեկատվությանը եւ ԼՂ խնդրի ներքին խութերին տիրապետում է բացառապես իշխանությունը, եւ առաջին հերթին հենց նրա պարտքն է հանդես գալ անհրաժեշտ մեկնաբանություններով: Մինչդեռ, ինչպես Դուք նշեցիք, իշխանության պատկան մարմիններն առայժմ որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել հասարակությանը, ինչն ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը:
-Կարծում եմ՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ձգձգման պատճառը ո՛չ տեխնիկական խնդիրներն են, որոնք հայկական կողմի հավաստմամբ՝ վաղուց լուծված են, ո՛չ էլ տնտեսական նկատառումները, քանի որ Հայաստանի եւ Ղարաբաղի առեւտրա-տնտեսական հարաբերությունների չնչին ծավալը (շուրջ 20-30 մլն դոլար) ոչ դրական, ոչ էլ բացասական առումով որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Եվրասիական միության հսկայական շուկայի վրա: Հարցի պատասխանն, ուստի, պետք է որոնել քաղաքական ոլորտում: Հստակ է, որ Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով: …Պայմանը չկատարելու պարագայում` արդեն իսկ իր հարաբերություններն Արեւմուտքի հետ փչացրած Հայաստանը կհայտնվի լիակատար քաղաքական եւ տնտեսական վակուումում, իսկ կատարելու պարագայում` լքվածության խուճապային հոգեբանական վիճակ կստեղծվի Ղարաբաղում` հղի Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնելու վտանգով:
…Սարգսյանական ռեժիմն այսօր սեւեռված է բացառապես մեկ խնդրի` Հայաստանի գործող Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ ծրագրի վրա, այն էլ՝ անգամ Սահմանադրական դատարանի նախագահի վերջնական փչացման գնով: Ավելի պատկերավոր ասած, Հայաստանում եւ Ղարաբաղում բռնկված հրդեհը հանգցնելու փոխարեն, ռեժիմը զբաղված է Հայոց պետականության հիմքերը քայքայելու ազգակործան գործով` թշնամական մի ակտ, որն անգամ Ադրբեջանի մտքով չէր կարող անցնել: …Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը: …Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս: Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու:
Ա. Գ.