Ո՞ՒՐ ԵՆ ՄԵՐՈՆՔ
Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի գործընկեր եւ վստահված անձ Մացակ Փոլադյանից Armlur.am-ը հետաքրքրվեց, թե նա ինչպես է գնահատում գործարարի ձերբակալության արձագանքները Հայաստանում: «Ես առաջին դեմքի մակարդակով չեմ ասում, բայց նրա ընկերները, ովքեր հիմա արվեստագետներ են, եկեղեցականներ են, մտավորականներ են, գոնե նրանցից մինիմում հայտարարություններ ենք ակնկալում»,- ընդգծեց նա՝ հավելելով, թե անուններ չի կարող նշել, քանի որ ցանկը շատ մեծ է: «Նա բոլորին օգնել է, հիմա ո՞ւր են այդ մարդիկ: Հասկացանք, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հաշիվներ ունեն Ռուսաստանի հետ, բա մյուսները»,-նշեց նա` ընդգծելով, որ բոլորն էլ կարող էին արտահայտվել, թե՛ ՀՀ ոստիկանապետը, թե՛ Սփյուռքի նախարարությունը: «Չէ՞ որ Լեւոնը Սփյուռքից է. մի նախադասություն Սփյուռքի նախարարությունից պետք է դուրս գար»:
Այնուհետեւ անդրադառնալով Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարությանը, թե գործարարին տանելու են, մի քանի հարցեր տան եւ բաց թողնեն, Փոլադյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ նա չգիտեր: Ինքը հայտարարություն արեց պարզապես «աչոկներ» շահելու համար: Ես այդպես եմ հասկանում»:
ԱՉՔԻՆ ՉԵՆ ԳԱԼԻՍ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե նա այժմ ինչով է զբաղված: Մեր զրուցակիցը, սակայն, չցանկացավ երկար խոսել, այլ ընդամենը լակոնիկ արձագանքեց.
-Պարոն Թամամյան, ի՞նչ գործունեությամբ եք այժմ զբաղվում:
-Իմ ընտանիքով:
-Իսկ բացի ա՞յդ:
-Միայն իմ ընտանիքով:
-Իսկ նպատակ ունե՞ք ապագայում ինչ-որ բանով զբաղվելու:
-Դեռեւս չեմ մտածում: Հանգստանում եմ:
-Ազատության մեջ գտնվելուց հետո Դուք մեկուսացել էիք Ծաղկաձորում, ու տեղեկություններ կային, որ Ձեր ընկերներից նեղացել եք, դրա համար էլ որոշել եք բոլորից հեռու ապրել: Կա՞ իրականում նման բան:
-Հենց հիմա ես Երեւանում եմ, եթե պետք է՝ կարող եք անտենայով ստուգել: Հիմա ես զբաղվում եմ իմ ընտանիքով, ոչ մեկ հիմա իմ աչքին չի գալիս ու ոչ էլ մտածում եմ ինչ-որ մեկի մասին: Ցտեսություն:
ՎԱՂԱԺԱՄԿԵՏԻ ՀԱՐՑԸ՝ ՇՈՒՏՈՎ
Հուլիսի 16-ին ՀՀ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում կայացել են անկախ հանձնաժողովի կողմից դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումի քննությունները: Դատապարտյալներն անկախ հանձնաժողովի արդյունքների մասին կիմանան երկու օրից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քանի որ դատապարտյալներից շատերն այդքան էլ չեն հավատում անկախ հանձնաժողովի օբյեկտիվ որոշմանը, ուստի պատրաստվում են բողոքի մեծ ալիք բարձրացնել, թե վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը Հայաստանում ձեւական բնույթ է կրում: Իսկ թե քանի դատապարտյալ ազատ կարձակվի այս ամիս անկախ հանձնաժողովի եզրակացությունից հետո, պարզ կլինի սպասվելիք զարգացումներից հետո: