ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Հուլիսի 17-ին Ռուսաստանում ողբերգական ավտովթարի ժամանակ զոհված 6 հայ քաղաքացիներին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղափոխում են Հայաստան՝ հուղարկավորությունը հայրենիքում կազմակերպելու համար: Ավելին, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մահացած ընտանիքի անդամները ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բարեկամներ են: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է անդառնալի կորստի համար:
ԳՆԴԱԿՈԾՈՒՄ ԵՆ
tesankyun.am-ը, ըստ Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչների հայտնածի, գրում է, որ հուլիսի 19-ին ադրբեջանական դիպուկահարները ժամը 10.30-ից մինչեւ կեսօր կրակ են բացել գյուղի Ներքին հողեր տարածքում աշխատող գյուղացիների վրա: Ազերի դիպուկահարները ժամը 15-ից մինչեւ 17-ը կրկին կրակ են բացել գյուղի սահմանամերձ այդ տարածքում աշխատող չորաթանցիների վրա: Ազերիների գնդակները հրաշքով չեն կպել խաղողի այգում աշխատող, Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանին եւ համայնքի ավագանու անդամ Վարուժան Զարգարյանին, անցնելով վերջիններիս կողքով: Նրանք գնդակոծությունից պաշտպանվելով՝ ստիպված գետնին են պառկել:
ԼՔՈՒՄ ԵՆ ԼՈՒԳԱՆՍԿԸ
Հուլիսի 19-ին Լուգանսկի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքը տեղեկություն էր տարածել, որ Լուգանսկում անցնող օրվա ընթացքում զոհվել է 16, վիրավորվել՝ ավելի քան 60 մարդ: Արդյունքում՝ քաղաքում սուգ է հայտարարվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքում ստեղծված իրավիճակը լուրջ խնդրի առջեւ է կանգնեցրել նաեւ մի շարք հայ բիզնեսմենների: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ շատերը սեփական կյանքը վեր են դասել բիզնես գործունեությունից եւ լքել քաղաքը:
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԱՌԵՑՆԵՆՔ
Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հայ – ռուսական հարաբերություններում ի հայտ եկած սառնությունը բացատրում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքով: Մանուկյանի խոսքով՝ եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, ապա դա կնշանակի մեկ բան՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետեւ այդ զենքի վաճառքն ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ:
ՀԱՇՏԵՑՆՈ՞Ղ ԷՐ, ԹԵ՞ ՎԻՃԱԲԱՆՈՂԸ
Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորումից մահացել էր ժամկետային զինծառայող, 1994թ. ծնված, Ոսկեվազի բնակիչ Գեւորգ Ավագյանը: Ավելի ուշ, զինվորի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել էր նույն զորամասի զինծառայող Արմեն Սարգսյանը: Ըստ զինվորի հարազատների՝ նրանց միջեւ վիճաբանություն է եղել, որից հետո հնչել էր կրակոց: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արմեն Սարգսյանի հետ վիճաբանողը Գեւորգը չի եղել, այլ նա փորձել է հանդարտեցնել վիճաբանողներին, ինչի հետեւանքով էլ տուժել է: Ուստի, դատելով լուրերից, չի բառացվում, որ այլ ձերբակալություն եւս լինի: Զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: