«ՕԵԿ-ը երբեք իր դեմքը չի կորցրել եւ չի հեռացել իր առաքելությունից»:
Հեղինե Բիշարյան Yerkir.am
Պետք է ուղղակի պարզել, թե ինչ չափորոշիչներով է որոշվում քաղաքական ուժի դեմքը եւ որ դեպքում են այն կորցնում: Իհարկե քաղաքականության մեջ հաճախ է լինում, երբ քաղաքական ուժը ճամբարափոխ է լինում, եւ պարտադիր չէ ամեն անգամ դա ըմբռնել որպես դավաճանություն: Հաճախ հանգամանքներն են ստիպում նման բան անել, ընդհանուր իրավիճակի փոփոխությունը, հաճախ պարզապես սխալվում են: Սակայն քաղաքագիտական մտքին թերեւս անհայտ է, թե ինչ է նշանակում քաղաքական ուժի կողմից մի ժամկետ անտրտունջ օգտվել իշխանական կերակրատաշտից, իսկ հետո կտրուկ անցնել ընդդիմության շարքերը եւ փնովել երեկվա «հացընկերներին»:
«Մենք նոտա կհղենք Արտաքին գործերի նախարարությանը: Իրականում, մենք գիտենք, թե ինչ է պատահել, ինչից է սկսվել այդ վիճաբանությունը, սակայն այս պահին բարձրաձայնել, թե դիտավորյալ բան է տեղի ունեցել, չենք կարող ասել»:
Յուրի Վարդանյան News.am
Յուրի Վարդանյանը լեգենդ էր միայն ծանրամարտիկ եղած ժամանակ: Իսկ մտնելով քաղաքականություն՝ նախկին օլիմպիական չեմպիոնը, որով հպարտանում էր ամեն հայ, իրեն դրսեւորեց թույլ կողմերով եւ ցույց տվեց անարդյունավետ աշխատանք: Որպես նախարար՝ չկարողացավ ուժեղ նախարար լինել, եւ հիմա, կարծես թե, Վրաստանում ուժեղ դեսպան էլ չի կարողանում լինել, չի կարողանում նույնիսկ բարձրաձայնել ակնհայտը, որ Թբլիսիի հայկական եկեղեցում տեղի ունեցած ծեծն ազգային հողի վրա է, հայատյացության դրսեւորում: Եվ եթե դա ազգային հողի վրա չէր, ապա ի՞նչ էր, չէ՞ որ նման բաները չեն կարող զուտ կենցաղային լինել:
«Այդպիսի բան հնարավոր չէ, մենք իրեն հավատում ենք, մենք գիտենք, որ դա ժամանակավոր թյուրիմացություն է, դժբախտություն է, որ պետք է մի քիչ համբերություն: Ամեն ինչ կճշտվի, եւ Լեւոն Հայրապետյանին բաց կթողնեն»:
Արա Աբրահամյան «Ազատություն»
Այն, որ Արա Աբրահամյանը ղեկավարում է Ռուսաստանի հայերի միություն կոչվող կառույցը, որն իրականում գրեթե ոչինչ էլ չի անում Ռուսաստանում ապրող հայերի համար, դա մենք արդեն գիտեինք: Բայց չգիտեինք, որ Արա Աբրահամյանը նաեւ կես դրույքով Ռուսաստանի Դաշնության ոստիկանապետ է աշխատում, համենայնդեպս նման տպավորություն կարելի է ստանալ նրա հայտարարությունից: Որտեղի՞ց ՌՀՄ նախագահը գիտի, որ Լեւոն Հայրապետյանին բաց կթողնեն, որ ասում է: Կամ եթե իրավապահները պետք է որոշեն բաց կթողնեն թե ոչ, այդ դեպքում որն է Արա Աբրահամյանի դերը:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ