ՊԱՏԱՍԽԱՆ ՌԵԿՏՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը հոդված էր հրապարակել «Նախկին աշխատակիցները դժգոհում են ռեկտորից» վերնագրով՝ տեղեկացնելով, որ Գյումրու մանկավարժական պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ անանուն նամակով դիմել են խմբագրություն՝ նշելով, որ նույն ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն «անհիմն կերպով» աշխատանքից ազատել է օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականուշ Գրիգորյանին, ում մեղքը միայն այն էր, որ ստորագրել է բացակայած ուսանողուհու ամփոփաթերթիկի տակ, եւ չէր կարող իմանալ ուսանողը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ:
Դեկանի աշխատանքից ազատվելուց հետո ինստիտուտից հեռացել են նաեւ երեք դասախոսներ` Անահիտ Միրիջանյանը, դեկանի տեղակալ Սիրվարդ Գրիգորյանը եւ Անուշ Ներսիսյանը: Հոդվածից հետո ռեկտորի հայտարարությանն արձագանքել են ազատված երեք դասախոսները՝ գրելով. «Ձեզ ի՞նչ է թվում, եթե 4 դասախոս աշխատանքից ազատման դիմում են ներկայացնում, եւ 35-40 տարի Գյումրիի մանկավարժական ինստիտուտում նվիրված աշխատելուց հետո 1 օրում զրկվում են աշխատանքից, նրանք դեռ վախենալու, կամ կորցնելու բան ունե՞ն: Ի՞նչից, կամ ու՞մից պետք է վախենայինք, որ անանուն նամակ ուղարկեինք: Եթե մենք գրեինք, անպայման կստորագրեինք, թող պարոն ռեկտորը չկասկածի: Նման անհեթեթ եւ չհիմնավորված հետեւություններ անելու փոխարեն, խորհուրդ կտայինք մտածել, թե ինչո՞ւ Գյումրիի մանկավարժականում այսպիսի անտանելի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորը պայքարելու փոխարեն, այդ թվում եւ մենք, փախչում են այդ հաստատությունից: Եթե մենք գրեինք, չէինք նշի նրա ունեցվածքի մասին, քանի որ երբեք չենք իմացել եւ չենք էլ հետաքրքրվել: Եթե մենք գրեինք, ապա կգրեինք, որ իր բաջանաղը ոչ թե ամբիոնի վարիչ է, այլ արդեն դեկան: Մենք կգրեինք այն կադրային քաղաքականության մասին, որ նա վարում է, երբ գրչի մի հարվածով ազատվում է մեր քաղաքում եւ հանրապետությունում հեղինակություն վայելող, իրենց գործին նվիրված մասնագետներից, ում քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվել է անգլերեն լեզվի բաժինը եւ կայացել օտար լեզուների ֆակուլտետը: Եթե մենք գրեինք, կգրեինք, որ ռեկտորն ինքն է ստեղծել այս իրավիճակն ինստիտուտի ներսում, որտեղ բոլոր դժգոհ աշխատակիցները վախենում են արտահայտել իրենց դժգոհությունն ու զայրույթը, որի վառ արտահայտությունն էլ այս անանուն նամակն է:
Ամոթ: Բուհական համակարգի հետ առնչվող մարդուն, առավելեւս բուհի ղեկավարին, անհարիր է նման պահվածքը: Ակադեմիական աշխարհի մարդը սուտ չէր խոսի եւ նման ձեւով չէր ներկայացնի տեղի ունեցածը, եւ, ընդհանրապես, դեկանի աթոռն ազատելու համար չէր սարքի այս ամբողջ կեղտոտ պատմությունը, եւ չէր հայտնվի նման ծիծաղելի ու խղճուկ վիճակում: Պարոն ռեկտոր, բավական է: Հանգիստ թողեք մեզ: Փնտրեք Ձեր «թշնամիներին» ինստիտուտի ներսում: Մենք անանուն նամակներ չենք գրում: Մենք թույլ չենք տա, որ մեզ վրա հերյուրանքներ շպրտեք եւ մրոտեք մեր բարի անունը»:




Լրահոս