ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱԼԼԱՔՅԱՆԸ  ՊՆ-ՈՒՄ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը` Լիլիթ Դալլաքյանը, վերջերս աշխատանքի է անցել Պաշտպանության նախարարությունում՝ տեղեկացնում է «Առաջին լրատվականը»:
Առաջին հայացքից ոչ արտառոց այս նշանակման մեջ, սակայն, որոշ զավեշտալի դրվագներ կան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է աշխատանքի ընդունվելու համար աղջկա ներկայացրած դիմումին եւ դիմումին կից ներկայացված ինքնակենսագրությանը: ՊՆ-ում աշխատանքի անցած Դալլաքյանի դուստրն իր ինքնակենսագրության մեջ նշել է, որ ինքն ավարտել է լատինաամերիկյան պարերի դպրոցը, ապա մանրամասն նկարագրել, թե ով է իր հայրը, որտեղ է աշխատում: Ապա իր ինքնակենսագրականում շարադրել է մոր տվյալները, թե իր հերթին ով է նա եւ որտեղ է աշխատում: Դալլաքյանի կինն էլ, հիշեցնենք, աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում՝ շնորհիվ Վիկտոր Դալլաքյան-Իշխան Զաքարյան բարիդրացիական հարաբերությունների:
Ինքնակենսագրության մանրամասները դեռ ամենը չեն: Առավել զավեշտալի է պաշտպանության նախարարի կողմից Դալլաքյանի դստեր դիմումին տրված հաստատումը: Սեյրան Օհանյանը դիմումը մակագրել է այս բովանդակությամբ՝ «Ընթացք տալ մեր ընկերոջ դստեր դիմումին»:
Ի դեպ, Լիլիթ Դալլաքյանն, անցնելով աշխատանքի, առաջին օրվանից պահանջներ է ներկայացրել: Նախ պահանջել է առանձին աշխատասենյակ՝ պարտադիր օդափոխիչով եւ գործուղումներով լի գրաֆիկ, որ քիչ աշխատի ու հաճախ մեկնի գործուղման:
Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում կրտսեր Դալլաքյանը՝ մենք գրավոր հարցում էինք արել Պաշտպանության նախարարությունից, սակայն այդպես էլ պատասխան չենք ստացել: Նախօրեին մեր լրագրողը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից է հետաքրքրվել՝ ճի՞շտ է, թե ինքը մակագրել է, որ իր ընկերոջ դստերն ընդունեն աշխատանքի եւ նրան հատուկ պայմաններով աշխատասենյակ են տրամադրել: Օհանյանը, սակայն, ասել է, որ այդպիսի բան չկա:

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿՕԳՆԻ

Գագիկ Ծառուկյանը մտահոգված է հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալության փաստով. երեկ հայտարարել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանը հայազգի գործարարի ձերբակալությանն ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
«ԲՀԿ ղեկավարը բարձր է գնահատում Լեւոն Հայրապետյանի մարդասիրական գործունեությունը Հայաստանում ու Արցախում, եւ գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն հնարավորը՝ պետական խողովակներով իրականությունը պարզելու: Իր կողմից Գագիկ Ծառուկյանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերել ցանկացած օգնություն՝ Լեւոն Հայրապետյանին իրավական աջակցության համար»,- ասել է Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Մոսկվայում եւ մեղադրվում է փողերի լվացման մեջ:




Լրահոս