ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ
«Ebay» օնլայն վաճառքի տիրույթում աճուրդի է հանվել Մարտիրոս Սարյանի «Աշտարակ» կտավը, որը նկարիչը ստեղծել է 1948թ.:
Աճուրդի վերջին օրը հայտարարված է 2014թ. հուլիսի 21-ը: Թե ով է աճուրդի հանել կտավը, պարզ չէ, ուստի դժվար է ասել, թե կտավի սեփականատերն ով է, սակայն հայտնի է, որ վերջինս բնակվում է ԱՄՆ Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում եւ իրականում վաճառքի է հանել նկարչի ստորագրությամբ բնօրինակ նկարը:
60-ԱՄՅԱ ՀԱՐՍԱՆԻՔ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եկող ամիս՝ իր 60-ամյակի օրը, պատրաստվում է ամուսնանալ 42-ամյա սիրուհու՝ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ, ում հետ սկանդալային սիրային կապի մասին հայտնի էր դարձել դեռ հունվարին: Ֆրանսիական «Midi Libre» հեղինակավոր լրատվամիջոցի տեղեկացմամբ, նրանց հարսանիքը կկայանա օգոստոսի 12-ին՝ նախագահի ծննդյան օրը:
Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ երկրի ղեկավարը կսահմանափակվի քաղաքացիական զուսպ արարողությամբ:
ԱՍՏՂԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի բոլոր 6 երեխաները կնկարահանվեն «Կլեոպատրա» թագուհու մասին ֆիլմում, ում դերը կկատարի հենց Ջոլին:
Լուրեր են շրջանառվում, որ պատմական դերերից մեկը բաժին կհասնի նաեւ դերասանուհու քաղաքացիական ամուսնուն՝ Բրեդ Փիթին:
Թեեւ նրանց դուստր Վիվյենն արդեն կատարել է արքայադուստր Ավրորայի դերը «Մալեֆիսենտա» ֆիլմում, այնուամենայնիվ, Ջոլին եւ Փիթը մի քանի անգամ հայտարարել են, որ չեն ցանկանում երեխաներն ընտրեն կինոկարիերայի ճանապարհը:
Հունիսին Ջոլին հայտարարել է, որ Կլեոպատրայի կերպարի մարմնավորումից հետո հավանաբար կավարտի կինոկարիերան եւ կկենտրոնանա ՄԱԿ-ում իր աշխատանքի վրա, ինչպես նաեւ կզբաղվի ռեժիսուրայով:
ՈՍԿՅԱ ԿՈՇԻԿՆԵՐԸ
«Alberto Moretti»-ն «Horo» ապրանքանիշի հետ համատեղ ոսկյա կոշիկներ է ստեղծել: «Horo»-ն արդեն հասցրել է աշխարհին ներկայացնել առաջին ֆուտբոլային ոսկյա շապիկը:
Կոշիկներն առանձնանում են ոչ արտահայտիչ դասական դիզայնով, քանի որ այնպիսի ազնիվ մետաղ, ինչպիսին ոսկին է հատուկ դեկորացիաներ չի պահանջում: Կանացի կոշիկները դասական բարձրակրունկ են ու նրբագեղ, իսկ տղամարդկանցը՝ ոսկյա մոկասիններ են: Նրանց արժեքը սկսում է 25.000 ԱՄՆ դոլարից:
Ոսկյա կոշիկները հասանելի կլինեն ամբողջ աշխարհի միայն հինգ խանութներում՝ «Barneys»-ը Նյու Յորքում, «Fred Segal»-ը Լոս Անջելեսում, «Swank»-ը Հոնկոնգում, «Level Shoe District»-ը Դուբայում եւ «Harrods»-ը Լոնդոնում:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Եմենցի Ահմեդ ալ Քասեմին պատրաստվում է ուղտով անցնել աշխարհի մայրցամաքներով՝ այդ քայլով կոչ անելով ամենուր խաղաղության ու հանդուրժողականության անհրաժեշտության մասին: Հետաքրքիր, բայց բարդ ճանապարհորդության ընթացքում տղամարդուն կուղեկցեն թարգմանիչներ ու լուսանկարիչներ: Եմենցու «ոդիսականը» կմեկնարկի հոկտեմբերին՝ Ավստրալիա մայրցամաքից եւ կավարտվի 2017թ. Եվրոպայում:
Ալ Քասեմին նշել է, որ որպես փոխադրամիջոց ուղտ է ընտրել, քանի որ դա իրեն հիշեցնում է «հին օրերի» մասին, ու բացի այդ, շատ ռոմանտիկ կլինի այդ ճանապարհորդությունը:
Տասը երեխաների հայրը հավելել է, որ կյանքն ավելի լավ ճանաչելու եւ փորձառություն ձեռք բերելու համար ճանապարհորդությունն ամենալավ տարբերակն է: