Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է վիզաների տրամադրումը ողջ աշխարհում. գրում է gazeta.ru-ն:
«Այժմ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի՝ հյուպատոսական հարցերով բյուրոն անձնագրային և վիզաների համակարգի տեխնիկական խնդիրներ ունի, որոնք ազդել են ողջ աշխարհում վիզաների տրամադրման գործընթացի վրա»,- ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ շատ բացառիկ դեպքերում վիզա կտրամադրվի: «Խնդրում ենք հաշվի առնել, որ միայն իսկապես անհետաձգելի դեպքերը, կյանքի և մահվան հարցերը կարող են դիտարկվել որպես բացառիկ»,- նշված է հայտարարությունում:
Դեսպանատունը դեռ չի կարող նշել, թե երբ վիզաների տրամադրման հետ կապված խնդիրը հնարավոր կլինի վերացնել: