Ինչպես ավելի վաղ հայտնել էր armlur.am-ը, Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստին վկաների ցուցմունքներից հետո ամբաստանյալները հայտարարություն արեցին: Մասնավորապես՝ Ավետիս Ավետիսյանը, դիմելով հայ տղամարդկանց, կոչ արեց ուշադիր լինել իրենց երեխենարի նկատմամբ, եթե, իհարկե, նրանց մեջ մնացել են թասիբն ու նամուսը. «Թույլ մի՛ տվեք, որ եկող սերունդը այլասերված լինի ու լկտի մեծանա:
Ի՞նչ է քարոզում այսօր հեռուստատեսությունը, ռադիոն ու մամուլը: Այս ամենի հետևանքով մենք չենք ունենա արդար դատավորներ և ազնիվ ոստիկաններ»,-եզրափակեց նա:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունների սադրիչ գործողությունների հետևանքով ազգին նվիրված տղաները հայտնվել են ամբաստանյալի աթոռին և մեղադրվում են անտաղանդ հանցագործության մեջ:
Դիմելով մեղադրող դատախազին՝ Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Ես համոզված եմ, որ դուք, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, իրականությունը չեք բարձրաձայնում: Սակայն համոզված եմ, որ ձեր հոգու խորքում ընդունում ու համակրում եք մեր գաղափարները, քանի որ դուք էլ մեզ պես ցանկանում եք, որ ձեր երեխաները լավ ապրեն:
Ալեք Պողոսյանը նախ շնորհավորեց Ավետիս Ավետիսյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ապա հայտարարեց այսօր նաև իր և իր կնոջ ամուսնության 15-ամյակն է: Սակայն դատարանն այդ պահին նրան ընդհատեց՝ ասելով, որ հայտարարություններ կարելի է անել միայն գործի շրջանակներում:
Վերջում հայտարարություն արեց Վարդան Վարդանյանը, ով, անդրադրադառնալով Ռուսաստանում հայ ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, ասաց. «Ես զարմանում եմ Վահան Շիրխանյանի և Կոմանդոսի վրա: Ո՞նց կարող են իրենք ասել, թե Հայրապետյանի ձերբակալությունը ռուսական ԿԳԲ-ի արածն է: «ԿԳԲ»-ն ՍՊԸ չի, որ ինչ ուզի անի: Այն պետական անվտանգությունն ապահովող կառույց է:
Հետո էլ մեր ոստիկանների աշխատավարձը բարձրացրե՛ք, որպեսզի ճղված շալվարներով չգան, սիրուն չի: Եթե ես գամ, հասկանալի ա, բայց որ պետական աշխատողներն են գալիս գան, դա նորմալ չի»:
Այսքանով դատական նիստն ավարտվեց. հաջորդ նիստը՝ օգոստոսի 1-ին: