Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ կիսվելով Սերժ Սարգսյանի և խորհրդի անդամների` օրերս կայացած հանդիպման տպավորություններով` «Ազատության» ասել է, թե Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ Հայաստանը դառնա թագավորական երկիր:
«Իր պնդումը հետևյալն է՝ որպեսզի երկիրը լինի դեմոկրատական, պետք է լիազորությունների վերաբաշխում, բալանս լինի Ազգային ժողովի, վարչապետի և նախագահի միջև, որ Հայաստանը չդառնա թագավորական երկիր, որտեղ բոլորը հույսը կապում են միայն ու միայն նախագահի հետ: Այսինքն` ինքը կարծում է, որ պետք է ուժի բալանսի փոփոխություն տեղի ունենա»:
Դժվար է ասել` արդյոք Սերժ Սարգսյանը հենց այդ ձևակերպումն է օգտագործել, թե դա Վազգեն Մանուկյանի լեզվամտածողության դրսևորումն է, սակայն հայտնի է, որ մեր իրականությունում «թագավո» եզրույթն ասոցացվում է առավելապես հայտնի քաղաքական ուժի առաջնորդի հետ, և իր այս հայտարարությամբ Մանուկյանն, ըստ էության, բացահայտում է ներկայիս սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը. անել ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանից հետո որևէ մեկը, առավելևս` «թագավոր» բառի հանդեպ թուլություն ունեցող քաղաքական ուժի հայտնի առաջնորդը «թագավոր դառնալու» շանս չունենա:
Ընդ որում, ուշագրավ է, որ այդ գործընթացում Սերժ Սարգսյանը դեռ մի բան էլ բողոքում է գործող համակարգից, երբ «բոլորը հույսը կապում են միայն ու միայն նախագահի հետ»: Սա ասվում է մի նախագահի կողմից, ով իր պաշտոնավարության վեց տարիների ընթացքում այնպիսի մանրախնդիր ներքին կարգուկանոն ձևավորեց, որ անգամ երկրի հեռավոր գյուղերի գյուղապետերի հարցն առանց իր «դաբրոյի» չի լուծվում:
Պետական ապարատի բազմաթիվ պաշտոնյաներ մասնավոր զրույցներում նշում են, որ Սերժ Սարգսյանից առաջ երբևէ չի եղել նման իրավիճակ, երբ անգամ միջին կամ բարձր օղակների պաշտոնյաները, բառիս բուն իմաստով, վախենան որևէ որոշում կայացնել` առանց նախագահականի կամ կառավարության հետ «ճշտվելու»: Հատուկ ընդգծենք` խոսքն ամենօրյա աշխատանքային գործընթացում օրենքով սահմանված կարգով և այդ պաշտոնյաների լիազորությունների շրջանակներում գտնվող հարցերի շուրջ որոշումների կայացման մասին է: Եվ ահա` վեց տարի շարունակ այսպիսի համակարգը ծաղկեցրած և երկրում բոլոր հարցերի միանձնյա լուծման իրավունքն իրեն վերապահած Սերժ Սարգսյանը մեկեն հասկացել է, որ լավ բան չէ, երբ «բոլորը հույսը կապում են միայն ու միայն նախագահի հետ», առավե ևս` որ այդ նախագահն այլևս ինքը չի լինելու:
Ամեն դեպքում, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, առավելևս, որ անգամ ամենամեծ լավատեսության դեպքում դժվար է հավատալ, որ հաջորդ նախագահը կփոխի Սերժ Սարգսյանի ձևավորած այս բրգաձև համակարգը: Միակ տարբերակը լիազորությունների` սահմանադրորեն ամրագրվելիք փոփոխությունն է: