Երեկ Երևանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում շարունակվեց գործարար Խաչիկ Խաչատրյանի (Ձվերի Խաչիկ) բողոքի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի: Դատավոր Կարինե Հակոբյանն ընթերցեց Խ. Խաչատրյանի պահանջը, որտեղ նշվում էր, թե Խ. Խաչատրյանը օրաթերթից ու լրագրողից պահանջում է 2 միլիոն դրամ պատվի ու արժանապատվության, եւ 200 հազար դրամ էլ՝ իր փաստաբանների ծախսի համար:
Ըստ Խ. Խաչատրյանի՝ օրաթերթն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2012թ. դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին, քանի որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում եւ ինչ խնդիրներ է ունեցել ՊԵԿ-ի հետ: Պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, մենք փորձել էինք Խաչատրյանից տեղեկությունը ճշտել, սակայն հարցին պատասխանելու փոխարեն գործարար Խաչատրյանը հայհոյել էր լրագրողին՝ անվանելով «պրաստիտուտկա»:
Երեկ դատավոր Կ. Հակոբյանը լրագրող Ս. Գրիգորյանին հարցրել է՝ արդյոք ինքը կարծո՞ւմ է, որ վիրավորել է Խ. Խաչատրյանի արժանապատվությունը: Լրագրողը պնդել է, որ իրականում Խ. Խաչատրյանն է իրեն վիրավորել, որից հետո գործարարի փաստաբանը հայտարարել է, թե դա հրապարակային չի եղել, այլ եղել է անձնական զրույց եւ լրագրողն այն հրապարակել է: Այստեղ տիկին դատավորը մեր լրագրողին տվել է ամենաուշագրավ հարցը. «Սոնա, իսկ դուք ի՞նչ եք պատասխանել, հայհոյե՞լ եք»:
Լրագրողը նախ ասել է՝ ոչ, ապա հարց տվել դատավորին՝ ի՞նչ եք կարծում, ես էլ պիտի հայհոյեի՞: Դատավորը բազմանշանակ ասել է, թե «դա ձեր իրավունքն է»: Դատավորի տպավորությամբ, լրագրողը պետք է այնքան ցածրամակարդակ լիներ, որ խուլիգանությանը պատասխաներ խուլիգանությամբ: Եվ այս երկաթյա տրամաբանությամբ էլ տիկին դատավորը պատրաստվում է հուլիսի 31-ին այս գործով վճիռ հրապարակել: