Արդեն տևական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը գրեթե ամեն օր հակառակորդի կողմից ռմբակոծվում են:
Ժամանակ առ ժամանակ գյուղացիները դադարեցնում են իրենց հողագործական աշխատանքները, քանի որ անհնար է լինում դաշտերում աշխատելը: Նախօրեին Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտարարել է, թե հայ պաշտոնյաներին չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում սահմանամերձ գյուղերում ու կոչ էր արել միլոնատերերին գոնե մեկ անգամ այցելել գյուղ՝ հասկանալու, թե գյուղացին ինչ վիճակում է գտնվում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հերթական միլիոնատեր Գարեգին Նուշիկյանի հետ՝ պարզելու, արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր այցելել:
-Իսկ հիմա դուք ինձ հարցն ուղղում եք որպես միլիոնատե՞ր, թե՞ որպես պատգամավոր:
-Որպես միլիոնատեր-պատգամավոր:
-(Ծիծաղում է) Բայց դուք ի՞նչ գիտեք, որ ես միլոնատեր-պատգամավոր եմ:
-Ձեր ներկայացրած հայտարարագրից:
-Բայց ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը լինել միլոնատեր կամ ոչ միլիոնատեր ու իրեն չհետաքրքրի, թե իր երկրի սահմաններում ինչ է կատարվում:
-Պարոն Նուշիկյան, եթե Ձեզ դա հետաքրքրում է, պատրաստվո՞ւմ եք գնալ այդ գյուղեր: Գյուղապետերը հրավիրում են գյուղ Ձեր աչքով տեսնելու համար, թե ինչ է կատարվում այնտեղ:
-Գնանք տեսնենք, ու ի՞նչ անենք: Ի՞նչ նպատակ ունի գնալ տեսնելը, ի՞նչ են ակնկալում դրանից, ասենք՝ միլիոնատերերը գնացին տեսան, ինքն ի՞նչ ակնկալիք ունի: Միլիոնատերն ի՞նչ կարող է անել, որպեսզի չռմբակոծեն գյուղը:
-Թեկուզեւ հանդիպել գյուղացիների հետ, զրուցել, հոգեբանորեն օգնել:
-Գյուղապետը եթե հրավիրում է, ուրեմն մի ակնկալիք ունի, չէ՞, ասենք՝ ես գնացի, ի՞նչ է ակնկալում ինձանից, որ ես անեմ: Բայց ինչպե՞ս կարող է յուրաքանչյուրին չհետաքրքրել, թե ընդհանրապես իր երկրում ինչ է կատարվում, առավելեւս երկրի սահմաններում: Ճիշտ կլինի այդ ակնկալիքներն իմանալ, թե այնտեղ ինչ պետք է անել: Ես այդտեղ պրոբլեմ չեմ տեսնում, կանեմ:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը