Վճռաբեկ դատարանում ձևավորվել է դատավորներին ճնշելու հանցավոր համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցի հեղինակները նախորդ տարի բացահայտել էին, որ Վճռաբեկ դատարանում ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր համակարգ:

ՄԻՊ զեկույցում մասնավորապես նշվում էր, որ ձևավորված է, այսպես կոչված, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը:

Երևույթն, ինչ խոսք, մեկ տարի անց էլ անհանգստացնում է արդարադատության համակարգի ներկայացուցիչներին և շարքային քաղաքացուն: Պարբերաբար հնչող կարծիքը, թե ՀՀ Վճռաբեկ դատարանը լուրջ բացթողումներ և թերություններ ունի, դարձել է օրհասական խնդիր:

Արդարադատության համակարգի մասին դիրքորոշումները բազմազանությամբ չեն առանձնանում. համոզմունքը մեկն է` համակարգը խիստ կարիք ունի բարեփոխումների և կարգավորումների:

Armlur.am-ը թեմայի շուրջ զրուցեց ՀՀ Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ, ով վստահեցրեց, որ առաջ քաշած երևույթը բացարձակապես նոր չէ, իսկ նախկինում ավելի մուգ երանգներ է ունեցել: Գևորգ Դանիելյանը նշեց նաև, որ սա կարևոր, սակայն ամենահրատապ ու արդիական խնդիրը չէ:

«Այդ հարցում չափազանց ուշադիր եմ, ուստի երբեք անգամ ակամա չեմ նպաստի անձնավորված, կոնյուկտուրայի հարթությամբ իրականացվող ակցիաներին: Ես չեմ տեսնում, որ բոլոր կառույցների նկատմամբ լիարժեք հավասարաչափ վերաբերմունք դրսևորվի, ուստի չեմ կարող այս բնույթի «խաղերին» սկզբունքորեն մասնակցել»,- պարզաբանեց Արդարադատության նախկին նախարարը:

ՄԻՊ-ի վերոնշյալ զեկույցում նշվում էր նաև, որ բացի «զոնալ դատավորների» ինստիտուտից, Վճռաբեկ դատարանում ներքին հանցավոր «հրովարտակով» հաստատված են այն գործերի տեսակները, որոնցով նախքան որևէ վճիռ կայացնելը, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն: Նման գործերի դասին են պատկանում հանրային հնչեղություն ունեցող գործերը, զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ գործերը, խոշոր կազմակերպությունների մասնակցությամբ գործերը (նման գործերով կարելի է մեծ կաշառքներ վերցնել, այդ պատճառով Վճռաբեկի «զոնալ դատավորը» ցանկանում է ի սկզբանե ներգրավվել):

Ի դեպ, դատավորներից մեկն, ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ զեկույցից, օմբուդսմենին գաղտնի տեղեկացրել է, որ ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ինքը հարկադրված էր պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս