Կարմիր խաչի ներկայությամբ գյուղացիները կարողացել են 4 հա հողատարածք մշակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունն, անդրադառնալով օրերս Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքին, երբ հացահատիկի բերքահավաքի ժամանակ հակառակորդը կրակոցներ էր արձակել բնակիչների և ԿԽՄԿ անդամների ուղղությամբ, նշում է, որ հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել իր նախաձեռնությունը՝ ուղղված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելուն:

Armlur.am-ը ԿԽՄԿ-ից տեղեկանում է, որ համաձայն զինված հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում:

Նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:

ԿԽՄԿ-ի քաղաքականությունն է անվտանգության հետ կապված խնդիրները հասցեագրել համապատասխան իշխանություններին՝ գաղտնի երկխոսության միջոցով: Այսպիսով, ԿԽՄԿ-ն հրապարակավ չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաեւ թե որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները: Իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություն է ստեղծում երկխոսելու իշխանությունների հետ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը՝ ի նպաստ զինված հակամարտությունների հետեւանքներից տուժող մարդկանց:

ԿԽՄԿ-ն պատրաստակամ է աշխատելու հօգուտ միջազգային սահմանագծի մերձակայքում ապրող քաղաքացիական բնակչությանը եւ կշարունակի իրականացնել սահմանամերձ տարածքներում իր մյուս նախաձեռնությունները:




Լրահոս