Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին եւ 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով «Օրինաց Երկիր» կուսակցությանն իրականացնել որեւէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի իր կողմից քանդված տանիքի վերականգնումը:
Սակայն ՕԵԿ-ը ոչ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլ նաեւ մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ եւ շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին: Սակայն գործուն միջամտություն իրականացվել է միայն Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից, որը իրականցրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ եւ կազմել արձանագրություն: Մյուս բոլոր պատկան մարմինների կողմից որեւէ արդյունավետ միջամտություն չի իրականացվել:
Համալսարանի կոլեկտիվի եւ ուսանողության կողմից օրեցօր աճող վրդովմունքը կասեցնելու նպատակով ագրարային համալսարանի տնտեսական մասը ստիպված ձեռնարկում է միջոցառումներ ապօրինի շինարարությունը կանխելու եւ համալսարանի տարածքը ապօրինի զավթելու դեմ: Փաստորեն ագրարային համալսարանը նոր ուսումնական տարվան պատշաճ մակարդակով նախապատրաստվելու փոխարեն ամեն օր ստիպված զբաղվում է «Օրինաց Երկիր» կուսակցության ապօրինի քայլերը կանխելու գործընթացով:
ՀԱԱՀ լրատվության բաժին