Արտերկրում ՀՀ դեսպաններն իրավմամբ կարողանում են ավելի լավ ապրել քան, հայաստանյան քաղաքական գործիչները: Դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեսպանների ներկայացրած ունեցվածքի և գույքի հայտարարագրերը:
Այսօր Armlur.am-ը կանդրադառնա Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին, ով կարողացել է էապես ավելացնել իր կարողությունը: Նա իր հայտարարագիրը ներկայացրել է 2014թ. փետրվարի 13-ին, որում ներկայացված են անցյալ տարվա դրությամբ նրա ունեցվածքի տվյալները:
Ըստ այդմ՝ Եսայանն ունի Audi A 4 1.81 մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից ամեն մեկը ձեռք է բերել 20 հազար դոլար արժողությամբ: Ընդ որում՝ երկու մեքենաներն էլ հաշվետու տարվա սկզբում չեն եղել և դրանք դեսպանը ձեռք է բերել միայն տարվա ընթացքում:
Նրա դրամական միջոցները բավական մեծ են և բազմաթիվ արժույթներով ներկայացրած: Օրինակ՝ նա տարվա սկզբում ունեցել է 38 հազար 300 դոլար, որը տարվա վերջում դարձել է 35.500 դոլար: Դրա հետ մեկտեղ ավելացել են նրա դրամով հայտարարագրած գումարները: Մասնավորապես՝ նա տարվա սկզբում ունեցել է 1 մլն դրամ, որը վերջում վերածվել է 2 մլն 700 հազար դրամի:
Շեշտակի ավելացել են նաև նրա ռուբլիով խնայումները: Օրինակ՝ տարվա սկզբում ունենալով 94 հազար ռուբլի, դեսպանը տարվա վերջում կարողացել է դա հասցնել 275 հազար ռուբլու: Իսկ 750 եվրո ունենալով նա կարողացել է տարվա վերջում այն դարձնել 12.000 եվրո:
Իսկ 2013թ. ընթացքում նրա միակ եկամտի աղբյուրը եղել է աշխատավարձը, որն էլ կազմել է 36.996 դոլար: