ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՐՑՈՎ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով: Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են: Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Այսինքն՝ այս քանակից ավել ջուր վերցնելու իրավունք չունենք: Սակայն Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ է հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում: Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչ վտանգավոր հանցանքի կասկածանքներ ունեն իրավապահները, տեղեկացնենք` այս անխնա ջրօգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո, մեղմ ասած, ջրի խնդիր կունենան: «Ժողովուրդ»-ի հետաքննությունը՝ վաղվա համարում:

 

 

 

 

2013թ. դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն եւ խիստ հանձնարարականներ տվել: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ասաց Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը. «Սահակյանն ասել է, որ բոլոր ուժային կառույցները համատեղ քննություն տանեն եւ հատ-հատ այն բացահայտեն»: Վաչիկ Բալասանյանի տեղեկացմամբ՝ այդ օրը Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը ոստիկանությունում հանդիպել են ու զրուցել. «Երկար քննարկում չի եղել, բայց զրուցել են: Ես վստահ եմ, որ այս գործով քննչական մարմինները լուրջ զբաղվում են, ու այն կբացահայտվի»: Հիշեցնենք, որ նշված օրը Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի վրա արգելակելու ժամանակ պոկվել եւ ընկել էր՝ ձախողելով պլանավորված պայթյունը:

 

 

 

 

Խորհրդարանական բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել «ՀՀ դատախազության մասին» օրենքում եւ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու միասնական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են, որ ՀՀ գլխավոր դատախազն այսուհետ հանդես գա նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Նշենք, որ այժմ էլ «Դատախազության մասին» օրենքը նախատեսում է հաշվետվությամբ հանդես գալու ինստիտուտը, սակայն օրենսդրությամբ հստակեցված չեն կոնկրետ ժամկետներն ու հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգերը: Եվ հիմա պատգամավորներն առաջարկում են, որ դատախազը մինչեւ մարտի 1-ն ԱԺ-ում ներկայացնի նախորդ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Հավելենք, որ մինչեւ հիմա ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օգտվելով օրենքի սողանցքից, խուսափում էր պատգամավորներին հաշվետվություն տալուց:

 

 

 

 
ՀՀնախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը 2014թ. բավական թեժ է դիմավորել: Նա ամանորյա տոներն անցկացրել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են ականատեսները, Հովիկ Հովսեփյանը «Մարիոթ»-ում պարբերաբար խրախճանքներ է կազմակերպել, անձամբ իր համար կենդանի երաժշտախումբ վարձել, որը նվագել է՝ խանգարելով հյուրանոցի մյուս այցելուների հանգիստը: «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնյայի աղմկոտ պահվածքի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Հովսեփյանի խոսնակ Լուսինե Մկրտչյանից, որը, սակայն, ասաց. «Հարկ չեմ համարում այդ հարցադրմանը պատասխանել»:




Լրահոս