ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է, ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՀՐԵՇՏԱ՞Կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` տարեվերջյան մամլո ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, իր ոչ պաշտոնական` 2rd.am կայքում քննադատեց վարչապետին` կարծիք հայտնելով. «Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»: Դրան հետեւեց ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս Քոչարյանին ցանկացավ «անսահման բարություն եւ կամեցողություն», ապա հանդես եկավ հոդվածով` իր ասելիքը հիմնավորելով աղյուսակներով ու վիճակագրական տվյալներով: Քոչարյանի արձագանքը եւս երկար սպասեցնել չտվեց. նախօրեին դարձյալ նույն կայքում հայտնվեց ծավալուն հարցազրույց, որում ՀՀ նախկին նախագահն անդրադարձավ գազային համաձայնագրին ու կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին` վերջում նշելով, թե «ավելի լավ կլիներ՝ վարչապետը լռեր»:

«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներից պարզել նրանց տեսակետն այս հեռակա փոխհրաձգության շուրջ, սակայն վերջիններս կա՛մ հրաժարվում էին կարծիք հայտնել, կա՛մ էլ մեր զանգերին չէին պատասխանում: Մեր մի քանի հարցերին պատասխանեց միայն ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
-Պարո՛ն Ուրիխանյան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ծավալված «հակամարտության» հետ կապված՝ ԲՀԿ-ն ինչպիսի՞ դիրքորոշում ունի:
-Ես այն հակամարտություն չեմ որակում, որովհետեւ չափազանց մեծ է տարբերությունը հանցագործ վարչապետի, որը խոսում է ինչ-որ երկրաչափական կամ հանրահաշվային տեսությամբ, եւ Ռոբերտ Քոչարյանի, որը պարզապես ներկայացնում է իրողությունը: Իրողություն, որը եղել է, իրողություն, որը կա, այսինքն՝ փաստերով: Սա է:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Ռ. Քոչարյանն այսօր կասկածի տակ է դնում Տ. Սարգսյանի տնտեսական գիտելիքները, այն դեպքում, երբ իր պաշտոնավարման տարիներին Տ. Սարգսյանը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Արդյո՞ք Սարգսյանի հասցեին հնչեցված նման բնույթի քննադատությունը չի հարվածում նաեւ իրեն` Քոչարյանին:
-Ճիշտ կլինի, որ Ռ. Քոչարյանին վերաբերող հարցերն ուղղեք իր կողմից լիազորված անձանց, ես ընդամենը կարող եմ պատասխանել Ձեր հարցին տեղի ունեցողի վերաբերյալ:
-Բայց Դուք պաշտպանում եք Ռ. Քոչարյանի տեսակետը, այսինքն՝ կարծում եք, որ ՀՀ վարչապետ…
-Պետք չէ «այսինքն»-ներով խոսել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկրում տեղի ունեցող զանազան գործընթացների վերաբերյալ շատ շիտակ դիրքորոշում ունի ու դա արտահայտել է միշտ եւ հիմա էլ շարունակում է ներկայացնել: Այսքանը` ինչ վերաբերում է դիրքորոշմանը: Ու մենք մեր տեսակետն ունենք, որ եթե որեւէ քաղաքական ուժի, անհատի, գործչի տեսակետը կարող է ինչ-որ հարցերում համընկնել, ապա եզրակացությունները թողնում եմ հանրությանը: Իսկ այլ հարցերի չեմ կարող պատասխանել, քանի որ ես որեւիցե մեկի փաստաբանը չեմ, որ մեկին պաշտպանեմ կամ չպաշտպանեմ:
-ԲՀԿ-ն մշտապես համարվել է Ռ. Քոչարյանի պրոյեկտը, թեեւ կուսակցության ղեկավարության կողմից ժամանակ առ ժամանակ ջանքեր են գործադրվել հակառակն ապացուցելու ուղղությամբ: Չե՞ք կարծում, որ Տ. Սարգսյանի հասցեին ԲՀԿ անդադար քննադատության ֆոնին Ռ. Քոչարյանի հնչեցրած վերջին գնահատականներն ավելի ամրապնդեցին այդ կարծիքը:
-Մշտապես խոսվել է, որ ԲՀԿ-ն մի քանի հարյուր հազար մարդու պրոյեկտն է, ՀՀ քաղաքացիների պրոյեկտն է, տարբեր ընտրություններում վստահության քվե ստանալով` ժողովրդի կողմից դարձել է ժողովրդի պրոյեկտը: Հետեւաբար, մնացած հարցերը, կարծում եմ, տեղին չեն:
-Փետրվարին ԲՀԿ-ն համագումար է հրավիրելու, որտեղ ելույթ է ունենալու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Խնդրում եմ նշել, թե ինչ հարցեր են ընդգրկված օրակարգում:
-Այս պահի դրությամբ ընդամենը մեկ ինֆորմացիա կա, որ տեղի է ունենալու համագումար: Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մենք մանրամասն տեղեկություն կտրամադրենք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս