Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Նշված փոփոխություններով առաջարկվում է «Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածի «անբարեխիղճ գովազդ» պարբերությունում նշված «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 2-րդ մասին: Առաջարկվում է նաև «Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ» նախադասությունը փոխարինել նույն իմաստը կրող՝ «Արգելվում է հեռուստատեսությամբ կամ ռադիոյով 1 եթերային ժամի ընթացքում 14 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը» նախադասությամբ իրավական նորմի հստակեցման, ընկալման դժվարություններից ու տարընթերցումից խուսափելու համար:
Փոփոխությունների այս նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից և քննարկվել են գովազդի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինների հետ: