ԻՆՉԻ՞ Է ՍՊԱՍՈՒՄ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. առօրյա կյանքն ամանորյա երկար արձակուրդից հետո աստիճանաբար մտնում է հունի մեջ, իսկ Հայաստանում պետական աջակցություն ստացող մարզական մի շարք ֆեդերացիաներ դեռ չգիտեն, թե ինչպես, ինչ միջոցներով պետք է անցկացնեն տարին: Հիշեցնենք, որ այդ տվյալները պետք է հրապարակի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որը, սակայն, դա դեռեւս չի արել։

Ի դեպ, Armsport.am-ը դեռեւս 2013թ. դեկտեմբերին հարցում էր կատարել՝ պարզելու, թե ինչպես են բաշխվելու գումարները 2014թ. համար, սակայն նախարարությունից պատասխանել էին, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է, եւ տոնական օրերից հետո կլինի որոշակի տեղեկություն: Սակայն երեկվա դրությամբ նախարարությունը դեռեւս որեւէ տեղեկատվություն չէր տրամադրել։ Ավելորդ չենք համարում նշել, որ խոսքը պետբյուջեից ստացվող 929 միլիոն դրամի մասին է:
Իհարկե, կան ֆեդերացիաներ, որոնք այդ ֆինանսավորման կարիքը չեն էլ զգում, քանի որ ունեն հարուստ, ավելին՝ մեծահարուստ նախագահներ։ Օրինակ՝ դժվար թե ըմբշամարտի ֆեդերացիան ղեկավարող «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, մեծահարուստ Սամվել Կարապետյանի համար մի քանի միլիոն դրամ գումար ներդնելը որեւէ խնդիր առաջացնի։ Սերժ Սարգսյանի ղեկավարած շախմատի ֆեդերացիայի մասին առհասարակ խոսելն ավելորդ է: Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ կարող է, չվտանգելով ազգային անվտանգության շահերը, ինչ-որ գումարներ հայթայթել։ Բռնցքամարտի ֆեդերացիայում էլ որոշ ժամանակ, կարծես թե, իրավիճակը բարվոք էր, երբ ֆեդերացիայի նախագահը ԲԱՄՕ-ի սեփականատերերից էր, սակայն, ի վերջո, նա հրաժարվեց այդ պաշտոնից, իսկ ներկայիս նախագահը` ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, թեեւ նույնպես ապահովված մարդ է, սակայն դժվար թե նման հնարավորություններ ունենա։ Իսկ ի՞նչ անեն այն ֆեդերացիաների նախագահները, որոնք թեկուզ հայտնի մարզիկներ են, լավ ղեկավարներ, բայց միջոցներ չունեն։ Ավելորդ չենք համարում հավելել, որ նախորդ տարիներին մարզական ֆեդերացիաներն իրենց հատկացվող գումարի չափի մասին տեղեկանում էին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եւ ըստ այդմ կազմում գալիք տարվա օրացույցը:
Փաստորեն, պետական աջակցություն ստացել են 30 մարզական ֆեդերացիաներ, որոնց մի մասն այս տարվա հունվարից արդեն պարապուրդի է մատնվել…
Ո՞ւմ եւ ինչի՞ է սպասում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս