Ինչպես է անցկացնում իր ամառային հանգիստը Բելաջիոյի Գրիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) կարծում է, որ Հայաստանում հանգստյան տների եւ հյուրանոցների գներն ավելի թանկ չեն, քան, օրինակ, Բաթումիում: Սակայն, չնայած դրան, նա գերադասում է հանգստանալ Ծաղկաձորի իր տանը:

-Պարոն Մարգարյան, որոշե՞լ եք, թե որտեղ եք հանգստի մեկնելու:

-Ես դեռեւս որեւէ ծրագիր չունեմ, ես դեռեւս հանրապետությունում եմ:

-Իսկ նախընտրում եք ՀՀ տարածքում հանգստանալ, թե՞ արտերկրում:

-Միանշանակ Հայաստանի ներսում:

-Ինչո՞ւ, այստեղ ավելի մատչելի՞ է:

-Մանտչելիի հարցը չէ այստեղ, դա իմ սովորույթներից է: Ես սիրում եմ ՀՀ-ում հանգստանալ:

-Իսկ Հայաստանում կոնկրետ  որտե՞ղ եք նախընտրում  հանգստանալ:

-Դե, կոնկրետ Ծաղկաձորում տուն ունեմ, այնտեղ եմ հանգստանում, սիրում եմ նաեւ  հանգստանալ Դիլիջանում:

-Բայց տեսակետ կա, որ պետք է հարուստ լինել ՀՀ-ում հանգստանալու համար, քանի որ այստեղ հանգիստը  զգալիորեն թանկ է, քան, օրինակ, Վրաստանում, Եգիպտոսում  կամ Թուրքիայում: Համամի՞տ եք:

-Չեմ կարծում: Ես ձեզ ասեմ, ինձ թվում է՝  դա համեմատում են Վրաստանի Քոբուլեթիի հետ, ծովի այդ հատվածի վրա  մի քիչ էժան է: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ արտասահմանի կամ Եվրոպայի հետ համեմատեք` չեմ կարծում, որ ՀՀ-ի գներն ավելի թանկ են: Ճիշտն ասած, ես այդ կողմը չեմ եղել, բայց լսել եմ, որ այդտեղ մատչելի է, որ ժողովրդի մեծ մասը գնում է այդտեղ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այնտեղ գնում են ու հյուրանոցում չեն մնում, այլ ինչ-որ տուն են վարձում ծովին մոտիկ, բնական է, որ նման հանգիստն ավելի էժան է`  համեմատած մեր հյուրանոցների հետ: Բայց ասեմ` պարտադիր չէ գնալ հյուրանոցում հանգստանալ, կարող են նույն Սեւանում ափի վրա  տուն վարձել, ու կարծում եմ, որ մի քանի անգամ ավելի էժան կլինի:  Իսկ եթե  համեմատենք Բաթումիի հյուրանոցների հետ, չեմ կարծում, որ այնտեղի հյուրանոցները Սեւանի հյուրանոցներից ավելի էժան են:

-Անձամբ Դուք ինչքա՞ն գումար եք նախատեսել հանգստի  համար:

-Ընդհանրապես ասեմ Ձեզ, եթե ես գնում եմ Ծաղկաձոր` իմ տանը հանգստանում եմ, ապա հատուկ գումարներ դրա համար չեմ ծախսում:

-Բայց, ըստ Ձեզ, որքա՞ն գումար է հարկավոր Հայաստանում նորմալ հանգստանալու համար:

-Նայած ինչ հանգստի մասին է խոսքը, ամեն մեկն ինքը կարող է այդ հարցին պատասխանել:

Սոնա Գրիգորյան




Լրահոս