Ու՞ր մնացին ՀԱՊԿ պարտավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած հանգսյան օրերը Տավուշի մարզում բավականին անհանգիստ են անցել. ադրբեջանական կողմը կրկին գնդակոծության է ենթարկել Հայաստանի սահմանամերձ գյուղերը:

Ընդհանրապես, հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին գնալով ավելի հաճախակի բնույթ են կրում, ինչը պարզապես մտահոգիչ է: Մանավանդ որ սահմանամերձ շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են անգամ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախորդ շաբաթ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կողմերին կոչ անելով կատարել մարդկային զոհերից խուսափելու իրենց պարտավորվածությունները, միաժամանակ անընդունելի որակելով «գյուղերի եւ քաղաքացիական անձանց` նպատակաուղղված թիրախավորումը»:

Ո՞ւր մնաց «բարաթ»-ը

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը, սակայն, աշխարհաքաղաքական լուրջ հետեւությունների առիթ պետք է հանդիսանա: Ինչպես հայտնի է, Հայաստանն անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Իսկ ՀԱՊԿ պայմանագրի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավոր են համատեղ ջանքերով դիմակայել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վերացնել իրենց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: Իսկ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը սահմանում է. «Մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ ռազմական, ինչպես նաեւ ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով»:

Ավելին՝ երբ 2010թ. օգոստոսին երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը եւ պայմանագիրը վերաստորագրվեց նոր խմբագրությամբ, այնտեղ հետեւյալ դրույթը ներառվեց. «Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը»:

Հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին տեղի ունեցողն ուղղակի ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ճիշտ է, հրադադարի ռեժիմի խախտումները դեռեւս չեն վերաճել լայնածավալ ռազմական գործողությունների: Սակայն նման տեմպերով շարունակվելու դեպքում բացառված չէ, որ իրավիճակն ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Սակայն, չնայած այս ամենին, ոչ ՀԱՊԿ-ն, ոչ էլ այդ կառույցի առաջատարը համարվող Ռուսաստանը, որ առանձին պայմանագրով առանձին պարտավորություններ է ստանձնել ռազմավարական գործընկեր Հայաստանի հանդեպ, որեւէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծմանը: Նրանք ոչ հրապարակային հայտարարությունների միջոցով, ոչ էլ դիվանագիտական խողովակներով որեւէ քայլ չեն անում անցանկալի զարգացումները կանխելու: Ընդհակառակը, տպավորություն է, թե գերտերությունների աննկատ ջանքերով սահմանին իրավիճակն արհեստականորեն լարվում է` Ղարաբաղի խնդրին այդպես ցանկալի լուծում տալու համար:

Հետևություններ անելու ժամանակը

Դժվար չէ կռահել` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում եւս ՌԴ-ն ու ՀԱՊԿ անդամ երկրները նույն քար անտարբերությունը կցուցաբերեն, ինչ հիմա: Ի վերջո, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները չեն պատրաստվում հանուն Հայաստանի փչացնել իրենց հարաբերությունները տնտեսական ռեսուրսներով գրավիչ Ադրբեջանի հետ: Մանավանդ, երբ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` 2008թ. Բաքու այցի ժամանակ ստորագրվեց «Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» ռուս-ադրբեջանական պայմանագիրը, որով հիմք դրվեց ՌԴ կողմից զենք վաճառելու գործարքին: Իսկ ՀԱՊԿ անդամ մյուս երկիրը` Ղազախստանն, առավել քան ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:

Այս իրավիճակում Հայաստանից պահանջվում են լրջագույն ջանքեր` դիվանագիտական հմտությունների միջոցով գործընթացն իր համար ցանկալի հունով տանելու համար: Կամ էլ` Հայաստանը կանգնած է անվտանգության նոր համակարգ ընտրելու հրամայականի առաջ, երբ տեսնում է, որ այս համակարգն իրեն չի արդարացնում:

 ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս