2011 թվականի հունվարի 26-ին Երեւանի քաղաքի 34-ամյա բնակչուհի Արմինե Ասլանյանը դիմել էր ոստիկանություն` նշելով, որ մայրը`1950 թվականին ծնված Մարո Ասլանյանը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։ Փետրվարի 3-ին ոստիկանության աշխատակիցները 34-ամյա կնոջը հայտնում են, որ մոր դիակը գտնվել է` Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից դաշտում:Մատնանշած վայրից հայտնաբերվել են մարդու գանգ` կիսաայրված վիճակում, եւ կիսաայրված երկարաճիտ կոշիկներ: Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում` իրավապահները փետրվարի 3-ին ձերբակալել էին 78-ամյա Պատվական Հովակիմյանին, որը, ըստ նախաքննական մարմնի, հունվարի 26-ին Երեւան-Արտաշատ ճանապարհին` Շահումյան գյուղի հատվածում, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում խեղդել է կնոջը, ապա դիակը տեղափոխելով Արարատի մարզի Տափերական գյուղին հարակից դաշտ` այրել: Պատվական Հովակիմյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:ՊԵՏՔ Է ԳՆԱՐ ԹՈՌԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸԱվանի 9-րդ փողոցի 12 շենքի բնակիչ Արմինե Ասլանյանի տան դուռը բացած սկեսրայրը` Համբարձում Այվազյանը պատմեց, որ Մարոն այդ օրը պետք է աղջկա հետ մեկներ Ղարաբաղ` ներկա լինելու զորակոչիկ թոռան երդմանը` «պրիսյագին»: Սպասել են, սպասել, Մարոն չի վերադարձել, աղջիկը մեկնել է Ղարաբաղ, վերադարձել, մայրը եկած չի եղել: Ինչից հետո դիմել են ոստիկանություն: «Մենք խառնվեցինք, ասացինք էս կնիկը ինչ եղավ»,-պատմում էր Արմինեն: Իսկ մարդասպանների հետքի վրա դուրս են եկել, երբ Պատվական Հովակիմյանը սպանված կնոջ հեռախոսի համարով զանգահարել է ծանոթներին: Ի դեպ, ոստիկանությունից Ասլանյանի հարազատներին սկզբում հայտնել էին, որ մարդասպանները եղել են հայր ու որդի: Բայց առայժմ կալանավորված է հայրը` հանցանքն իր վրա վերցրած 78-ամյա Պատվական Հովակիմյանը: «Այո, փորձում են կոծկել, էդ ա»,- «Ժողովուրդ»-ի հետագա հարցերին պատասխանելով` ասաց Համբարձում Այվազյանը: Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն` առաջիկայում կձերբակալվի նաեւ որդին: ԹՄՐԱՆՅՈՒԹ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԵՆ ԵՂԵԼ Մարո Ասլանյանը վաստակել է առեւտրով, եւ դեպքի օրն էլ լվացքի ինչ-որ նյութեր է տանելիս եղել Արտաշատ: Նրա հարազատների համար հարցական է, թե 61-ամյա Մարոն ինչպես է հայտնվել Պատվական Հովակիմյանի մեքենայում, որին եւ նրա որդուն իրենք չեն ճանաչում: «Երեւի փող են տեսել ձեռքին, հետեւել են ու դիմել այդ քայլին»,- նշեց Համբարձում Այվազյանը:Նրա հարսը` Մարոյի աղջիկը` Արմինեն պատմեց, որ այդ օրն ինքն է առավոտյան 5 հազար դրամ գումար տվել մորը: Նա Արտաշատից ինչ-որ գումարներ պետք է ստանար, բայց խոսքն այնքան աննշան գումարի մասին է եղել, որ ո՛չ իրենք, ո՛չ նախաքննական մարմինը դրան լուրջ չեն վերաբերվել: Արմինեն, որ ավելի ուշ միացավ խոսակցությանը, ավելացրեց, որ քննիչների հայտնածով, հայր ու որդի թմրանյութի ազդեցության տակ են եղել`«ծխած»:Սրանով է բացատրվում այս դաժան սպանության անիմաստությունը. 60-ամյա կնոջ ձեռքին եղել է ընդամենը 5 հազար դրամ: Արմինեն չի բացառում, որ եթե կնոջ մոտ լիներ ինչ-որ լրացուցիչ գումար, այսինքն` վերադարձրած լինեին նախկին պարտքը (100-ից մի քիչ պակաս ԱՄՆ դոլար), դա կարող էր սպանության պատճառ լինել: Նախաքննական մարմինը, մեր տեղեկություններով, քննել եւ սպանվածի հարազատների հետ քննարկել է այլ վարկածներ` անձնական պարտքեր կամ այլ պատճառներով վրեժի ու էլի մի քանի վարկածներ, սակայն դրանք շատ շուտով բացառվել են: «Ախր, ոչ մի թշնամի էլ չունենք»,-ասաց Արմինեն: Նա, այնուամենայնիվ, ավելի հավանական է համարում կողոպուտի տարբերակը: «Հագած-կապած կին ա եղել, մատանիները մատին, ճիշտ ա արծաթ, բայց կարող է մտածել են` սպիտակ ոսկի է, թե ինչ է»,- ենթադրություններ էին անում ընտանիքի անդամները: ՄԻԱՅՆ ԳԱՆԳԸ ԻՆՉՊԵ՞Ս ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՆ Քանի որ դեպքի վայրում հայտնաբեվել է Մարո Ասլանյանի միայն գանգը, հարազատները չեն կարողանում հուղարկավորել նրա մասունքները: Դեռ մեկ ամսից ավելի կտեւեն փորձաքննության պատասխանները, որոնք նպատակ ունեն վերջնականապես ճշգրտել սպանվածի ինքնությունը:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՍՊԱՆԵԼ Է, ՏԱՐԵԼ ԴԱՇՏ ՈՒ ԱՅՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ