Դեռ այս տարվա մարտի 19-ին ՀՀ Կառավարության որոշմամբ` շուրջ 10 մլրդ դրամ հատկացվեց մարզերին` համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այս ծրագրով եւս, ինչպես նախորդ չորս հրատապ ծրագրերով, հիմնականում կիրականացվեն դպրոցաշինության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման եւ համայնքներում հրատապ նշանակություն ունեցող այլ աշխատանքներ: Այս տարի 420 միլիոն դրամ հատկացվել է Շիրակի մարզին, որից 220մլն-ը բաժին է ընկել միայն Գյումրի քաղաքին:
Մի քանի օր է` քաղաքում իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Մասնավորապես ասֆալտապատվում են կենտրոնական փողոցներից մի քանիսը՝ Անանիա, Գորկի,Վարպետաց փողոցները: Սակայն գյումրեցիները դժգոհում են: Նրանք բողոքում են ոչ թե ասֆալտապատումից, այլ` որ աշխատանքները սահմանափակվում են միայն կենտրոնական փողոցներով, իսկ մայթերն ու գազոնները քարուքանդ են ու փոշոտ: Քաղաքապետարանից փորձեցինք ճշտել արդյոք առաջիկայում նախատեսվում է նաեւ մայթերի վերանորոգում իրականացնել, սակայն մեզ պատասխանեցին կտրուկ` ոչ:
Մինչդեռ նշենք, որ բնակիչների դժգոհությունն ավելի քան տեղին է, քանի որ փողոցներ կան, որոնց մայթերն անգամ չեն երեւում եւ կասկածելի է` փողոցը մայթ ունի, թե ոչ: Իսկ կենտրոնական փողոցներն էլ ժամանակ առ ժամանակ ասֆալտապատվում են, սակայն բացառապես հայկական ավանդական եղանակով` մեկ սեզոնի համար: