Բացահայտել են` գազի կալորիականության հետ կապված խնդիր չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս փետրվարի 22-ին հանձնարարել էր գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ շուրջ 5 ամիս տեւած ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ ՀՀ-ում գազի կալորիականության հետ կապված որեւէ խնդիր չկա:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով գազի կալորիականության խնդրին՝ նշել էր, որ այն շարունակում է մնալ հասարակությանը հուզող հարցերից մեկը: «Չնայած բազմաթիվ պարզաբանումներ եղան, շարունակվում են հարցերը, թե արդյոք կալորիականությունը փոխվել է»,- նշել էր Տ. Սարգսյանն ու հարց ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, թե ինչպես կարող են կալորիականության մասին եզրակացությունները պարզ ներկայացնել հանրությանը:
Ռոբերտ Նազարյանն էլ ի պատասխան նշել էր.

«Գազ սպառող խոշոր ընկերությունները ստուգել են կալորիականությունը եւ դրական ցուցանիշեր ներկայացրել, բայց այս ցուցանիշերը եւս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին: Ես առաջարկել եմ գործարարներին համախմբվել եւ ձեռք բերել լաբորատորիա, որ կարողանան իրենք էլ չափել եւ համոզվել կալորիականության մեջ, բայց, ցավոք սրտի, նման քայլ չի կատարվել նրանց կողմից»:

Այնուհետեւ Ռ. Նազարյանն առաջարկել էր ստեղծել մի հանձնաժողով, որում կներգրավվեն Հանրային խորհրդի անդամներն ու գործարար աշխարհի ներկայացուցիչները, որպեսզի հասկական, թե ուրիշ ինչ կարող են անել՝ հանրության մոտ գազի կալորիականության հարցում վստահություն ձեռք բերելու համար։ Այդ ամենից հետո Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով եւ ուսումնասիրել գազի կալորիականության խնդիրը:

Իսկ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանն առաջարկել էր շարժական լաբորատորիա ստեղծել, որը տեղում կստուգեր գազի կալորիականությունը. «Դա մեծ բան չէ, ընդամենը մի 25-30 հազար դոլարի պատմություն է՚»,նշել էր նա:

Այդ ամենից 5 ամիս է անցել ու այս ընթացքում հանձնաժողովը տարբեր ուսումնասիրություններ է անցկացրել, որոնց արդյունքում պարզել է, որ կալորիականության հետ կապված որեւէ խնդիր չկա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիթորինգի եւ ծրագրերի զարգացման վարչության պետ Աբգար Բուդաղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանձնաժողովն աշխատանքներն ավարտել է. «Գնացել` մի քանի տեղերում ստուգումներ են իրականացրել, որոնք էլ փաստել են, որ խնդիրը կալորիականության հետ կապված չէ: Նաեւ հանձնարարական էր եղել, որ չափումներին, որոնք իրականացնում է «ՀայՌուսգազարդ»-ը, մասնակցի նաեւ չափագրության ազգային ինստիտուտը, ու արդեն քանի ամիս է՝ այդ չափագրումները նրանց կողմից հաստատվում են: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը մեզ իր վերջնական եզրակացությունը չի ներկայացրել, բայց վերջին քննարկման ընթացքում աշխատանքային խմբի անդամներն, ըստ էության, փաստում էին, որ կալորիականության հետ կապված իրենք խնդիր չեն տեսնում»:




Լրահոս